Էրդողանը հայտնել է Ստամբուլում հունվարի 1-ին իրականացված ահաբեկչության նպատակը
01.01.17 | 18:14
Ստամբուլում հունվարի 1-ին իրականացված ահաբեկչության նպատակը Թուրքիայի ապակայունացումն ու քաոսի սերմանումն է: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Anadolu գործակալությունը:
«Մենք հասկանում ենք, որ տարբեր ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող հարձակումները կապված են տարածաշրջանում ընթացող գործընթացների հետ»,- նշել է նա:
Նրա խոսքով՝ Թուրքիան վճռական է ոչնչացնել սպառնալիքների աղբյուրն ու կանխել այլ հարձակումները: «Պետությունը դիմակայելու է ոչ միայն ահաբեկիչների զինված հարձակումներին, այլև այլ ոլորտներում՝ մասնավորապես տնտեսական և քաղաքական ճնշումներին»,- հավաստիացրել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին՝ տեղական ժամանակով 01.15-ին, Սանտա Կլաուսի հագուստով զինված տղամարդը ներխուժել է Ստամբուլի Reina գիշերային ակումբ, որտեղ հարյուրավոր մարդիկ տոնում էին Նոր տարին: Զոհվել է 39 մարդ, վիրավոր է՝ 69-ը:Ահաբեկիչը մտել է Ստամբուլում ամենահայտնի երիտասարդական Reina ակումբ: Ըստ վկաների՝ հարձակվողը մտել է շենք, կրակ բացել այցելուների, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Ակումբում եղել է 700 մարդ: Անկանոն կրակոցներից հետո, որը շարունակվել է մոտ 7 րոպե, հանցագործը հանել է Սանտա Կլաուսի հագուստն ու հեռացել դեպքի վայրից: