Փրկենք չորրորդ սերունդը
13.05.16 | 16:35
Նկարը, որը տեսնում եք, մեղմ ասած լավն է, ավելի ճիշտ՝ իհարկե ուժեղ է, ավելին, քան ոգեւորիչ է: Պապը՝ կռվել է, հայրը՝ կռվել է, որդին՝ կռվել է, այս երեքը միասին կռվում են եւ այս երեքին միասին ոչ ոք չի կարող հաղթել: Բայց այս նկարում երկու հոգի կա, որոնք չեն երեւում:
Հոգի՝ առաջին:
Թշնամին: Ո՞վ է եղել պապի թշնամին, ադրբեջանցին, գուցե պապի պարագայում՝ թուրքը, բայց այդ ՄԱԿ-ում է, որ թուրքն ու ադրբեջանցին տարբեր աթոռների են նստում, մենք հո գիտենք...Իսկ ո՞վ է եղել հոր թշնամին, ադրբեջանցին: Իսկ որդունն ո՞վ է, ադրբեջանցին: Ադրբեջանցին այս նկարում չկա եւ դա հրաշալի է, դա միայն մաքուր է պահում այս նկարը, ավելորդություններով չի պարուրում, թուլության տարրերով չի պղծում այս հզորությունը, բայց բավարարվենք, մանավանդ, որ այս նկարի մասին երկար խոսելը վտանգավոր է, քանի որ պաթոսը վտանգավոր է:
Հոգի՝ երկրորդ:
Չորրորդ սերունդը: Դատելով որդու տեսքից, տարիքից, դեմքից, հասակից, ուժից, աչքերից եւ ամենակարեւորը՝ գործից, նա հանգիստ կարող է հայր լինել, որդի ունենալ, այդ որդին չկա, եւ դա հրաշալի է: Այս նկարը այդ որդու մասին չէ, այս նկարը այդ որդուն, եթե պետք էլ գա, ապա որպես հյուրասենյակի կահույքին դրված սուրբ պատմություն:
Այս նկարը մեր պատմությունն է, էն, որ ասում են՝ փառապանծ, սա է, էն, որ ասում են՝ տանջալից՝ սա է, էն, որ ասում են՝ դարավոր, սա է, էն, որ ասում են՝ գենետիկ հիշողություն, սա է, էն, որ ասում են՝ կռվենք պիտի, սա է, էն, որ ասում են՝ հայ քաջեր, սա է, էն, որ ասում են՝ զարթնիր լաո, մեռնիմ քըզի, սա է, էն, որ ասում են՝ լավագույն տղերքը հեռանում են, սա է, էն, որ ասում են՝ կարմիր կակաչները, սա է...Այս նկարն ու մեր պատմությունը մի անուն ունեն, նույն վերնագիրն ունեն՝ կռիվ:
Բայց այս նկարի ուժը այդ կռվում մեր հաղթանակները չեն, որոնցից շատերը պարտություններ են, այս նկարի ուժը այս երեք սերունդը չեն, այս նկարի ուժը չորրորդ սերնդի բացակայությունն է:
Փրկենք չորրորդ սերնդին: Եւ հաղթենք կռվում: