Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին, որում մտահոգություն են հայտնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հավանական փակման մասին տեղեկությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բաց նամակի տակ ստորագրել են Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, «Բաց հասարակության հիմնադրամներ» հասարակական կազմակերպությունը:
«ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Հայաստանում (այսուհետ՝ Գրասենյակ) ստեղծվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1999թ. հուլիսի 22-ի որոշմամբ և սկսել է իր գործունեությունը 2000թ. փետրվարի 16-ին՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից ԵԱՀԿ-ի և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջև փոխըմբռնման հուշագիրը վավերացնելուց հետո:Գրասենյակը հանդիսանում է մեր պետությունում գործող եվրոպական կարևոր կառույցներից մեկը: Անցած տարիների ընթացքում գրասենյակը կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանի նորաստեղծ քաղաքական ինստիտուտների գործունեության մեջ մարդու իրավունքների սկզբունքներն առաջնահերթ դարձնելու գործում:
Սույն նամակով մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակական կազմակերպություններս, հայտնում ենք մեր մտահոգությունը՝ կապված մամուլում տարածում գտած ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հավանական փակման մասին տեղեկությունների վերաբերյալ:
Գրասենյակի փակումը մեծ վնաս կհասցնի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: Ակնհայտ հետընթաց կունենանք այն շոշափելի արդյունքներից, որոնք ձեռք են բերվել Գրասենյակի աշխատանքի շնորհիվ: Գրասենյակը հանդիսանում է Հայաստանում գործող առանցքային ինստիտուտներից մեկը, որը կարողանում է առաջ մղել կառավարական ծրագրերի՝ ժողովրդավարական արժեքներին համահունչ լինելու պայմանը»,- ասված է նամակում:
Հասարակական կազմակերպությունները հատկանշական են համարում, որ գրասենյակը զգալի ազդեցություն ունի ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ չափանիշերի ընդունման գործում: Այն նաև ակտիվ կերպով մշտադիտարկում է պետության կողմից այդ չափանիշներին հետևելը և տալիս համապատասխան հանձնարարականներ հետագա բարեփոխումների համար: Այսօր ԵԱՀԿ գրասենյակի դերն ավելի մեծ է Հայաստանում՝ կապված գալիք խորհրդարանական ընտրությունների հետ, ինչպես նաև այն մարտահրավերների, որն ունի մեր պետությունը ներկա ժամանակահատվածում:
Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտները կարևորում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ակտիվ աջակցությունը հասարակական կազմակերպությունների գործունեությանը, ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բնագավառներում, մասնավորապես, իրավապահ մարմինների, զինված ուժերի և ընտրական բարեփոխումների գործընթացում: Գրասենյակը անվիճելի ներդրում ունի առկա խնդիրների լուծման աջակցության և համապատասխան բարեփոխումների ջատագովության տեսակետից:
«Հաշվի առնելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատանքի կարևորությունը՝ մենք ցանկանում ենք շեշտել, որ նրա փակվելը մեծապես կվնասի երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: ԵԱՀԿ գրասենյակի կարիքը Հայաստանը ունի»: