«Սանիթեք» ընկերության, մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով փետրվարի 23-ի գիշերվանից վերսկսված տեղումներին զուգահեռ իրականացվում են ձյան մաքրման աշխատանքներ: Նկատի ունենալով տեղումների համեմատաբար քիչ քանակը՝ գործընթացը միաժամանակ կազմակերպվել է ինչպես գլխավոր ու երկրորդական փողոցներում, այնպես էլ մայթերին ու բակային տարածքներում: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փողոցների երթևեկելի գոտիները ըստ անհրաժեշտության մշակվում են նաև աղի և ավազի խառնուրդով: Տեղերում աշխատանքների ընթացքը վերահսկում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և օպերատիվ շտաբը: Առավոտյան մայրաքաղաքում փակ փողոցներ չեն եղել: Ձնամաքրման աշխատանքներն այժմ էլ շարունակվում են: