Հանրապետական կուսակցությունն ընտրություններին մոտեցել է ուժեղացած և արդիականացված լուրջ թիմով: Այդ մասին Արմավիրում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը: «Մենք կարողացանք գալ ընտրությունների ուժեղացած և արդիականացած լուրջ թիմով՝մի թիմ, որն այսօր, իմ խորին համոզմամբ, չունի մրցակից մեր երկրում, մի թիմ, որտեղ թե՛ կրթական ցենզի, թե՛ անցած ճանապարհի, թե՛ գործարար աշխարհում և թե՛ պետական կառավարման համակարգում մեծ հաջողություններ գրանցած անհատներ են հավաքված: Ո՞վ պետք է մրցի այդ թիմի հետ՝ այն ո?ւժը, որը երկու հազար հոգի չի կարողանում հավաքի, որպեսզի լրացնի վստահված անձերի տեղե՞րը ընտրատեղամասերում: Չէ՞ որ դա ուղղակի զավեշտական է, դա ուղղակի անհնար է»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով, այս օրերին ասում են, թե ամեն ընտրության ՀՀԿն մի կարգախոս է ընտրում, ի՞նչ է փոխվում դրանից: «Բերեմ մի օրինակ մեր կարգախոսներից՝ «Հավատանք, որ փոխենք»: Ի՞նչ է փոխվել այս 5 տարիների ընթացքում։ Մենք կարողացել ենք ունենալ Սահմանադրություն, որն ամենաբաց ու ամենաազատ հասարակություն ձևավորող Սահմանադրությունն է: Ստեղծել ենք համակարգ, որի մասին մեր բոլոր ընդդիմադիրները երազում էին, սակայն հույս չունեին, որ իրականություն կդառնա: Հենց Հանրապետական կուսակցությունն է առաջ բերել այս նախագիծը ու ձեր քվեով դարձրել իրականություն, օրենք, որն այսօրվա ընտրությունների կարևորությունն է թելադրում», շեշտեց Սարգսյանը: