Երևանում բանկոմատ պայթեցնելու միջոցով գումար հափշտակելու համար մեղադրվողներից մեկը ՕՐՕ դաշինքի անդամ է
09.03.17 | 20:15
Asyor.am-ի տեղեկություններով՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 4-րդ մասնաճյուղի՝ Բաղրամյան պողոտա 56 հասցեում գտնվող բանկոմատի պայթեցման փորձի փաստով հարուցված քրեական գործով մեղադրյալներից մեկը՝ «Համախմբում» կուսակցության անդամ Սիմոն Սիմոնյանն է:
Սիմոն Աշոտի Սիմոնյանը «Համախմբում» կուսակցության անդամ է, զբաղեցնում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակի 32-րդ հորիզոնականը:
ՕՐՕ դաշինքի մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանը Asyor.am-ի թղթակցին ասաց, որ նման տեղեկություն չունի:
«Ճիշտն ասած, նման տեղեկության չեմ տիրապետում: Այժմ մենք մարզերում հանդիպումների ենք», - նշեց Ա.Մանուկյանը, խոստանալով ճշտել լուրի իսկությունը:
Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի գլխավոր մասնագետ Էրիկ Հակոբյանը, բանկոմատը պայթեցնելու եղանակով գումար հափշտակելու հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, նախնական համաձայնության է եկել իր ընկերներ Սիմոն Սիմոնյանի և Արթուր Օսեյանի հետ՝ վերջիններիս հետ մանրամասն մշակելով հանցագործության իրականացման ծրագիրը:
Էրիկ Հակոբյանին, Սիմոն Սիմոնյանին և Արթուր Օսեյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: