Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է մարդու իրավունքներից կարևորագույնի՝ կյանքի իրավունքի համար.Նալբանդյան
21.05.16 | 12:32
«Չի կարելի թերագնահատել հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց համար միջազգային կազմակերպությունների, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների դերակատարությունը»,- Եվրոպայի խորհրդին անդամակցության 15-ամյակի առթիվ հղած ուղերձում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա ընդգծել է, ի վերջո հենց մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանությունն ու հարգանքն է ընկած շատ հակամարտությունների լուծման առանցքում։ Այս առումով Եվրոպայի խորհուրդը կարևոր առաքելություն պետք է իրականացնի։
«Տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է մարդու իրավունքներից կարևորագույնի՝ կյանքի իրավունքի համար, որն այս պարագայում հնարավոր է ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով։ Ընդգծեմ, որ Եվրոպայի խորհուրդը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչի մասին բազմիցս հայտարարել են ԵԽ գլխավոր քարտուղարը, Նախարարների կոմիտեն։
Այս առումով չեմ կարող չանդրադառնալ ԵԽԽՎ որոշ պատգամավորների ապակառուցողական նախաձեռնություններին։ Քանի որ բազմիցս առիթներ ունեցել եմ ներկայացնելու մեր տեսակետը, կսահմանափակվեմ միայն ևս մեկ անգամ ընգծելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, և այդ ձևաչափից կարգավորման գործընթացը դուրս բերելու փորձերը կարող են միայն խափանել հիմնահարցի խաղաղ, բանակցային հանգուցալուծումը։ Այս իրական վտանգի մասին բարձրաձայնել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրները»,-ուղերձում նշել է Նալբանդյանը:
ԱԳ նախարարը շեշտել է, որ Եվրոպայի խորհուրդն այսօր, ավելի քան երբևէ, պետք է պայքարի այլատյացության, խտրականության երևույթների ու ատելության քարոզչության, մարդու իրավունքները ոտնահարող աղաղակող փաստերի դեմ, հետևողական լինի այն բոլոր դրսևորումների պարագայում, որոնք վտանգում և մարտահրավեր են նետում իր հիմնարար արժեքներին, ինչը կարող է կանխարգելիչ դեր խաղալ իրավիճակների հետագա լարման և նոր ճգնաժամերի կանխման համար։
Նախարարի ուղերձն ամբողջությամբ՝ ԱԳՆ պաշտոնական էջում: