Ֆրանսիական ճանաչված «ԱՆԻՈՍ» բրենդը Հայաստանում
28.03.17 | 21:13
«Ֆարմատեք» դեղագործական ընկերությունում բացվեց ֆրանսիական Laboratoires ANIOS ընկերության հոսքագիծը։ Կարմիր ժապավենը կտրելու իրավունքը վերապահված էր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին և կազմակերպության հիմնադիր-տնօրեն Բերտրան Լյուտարին։
Կարևորելով ճանաչված բրենդի մուտքը Հայաստան` Լևոն Ալթունյանը նշեց, որ աշխարհում հատկապես առողջապահության ոլորտում ախտահանիչների մեծ շուկա ունեցող ԱՆԻՈՍ-ը բացի Ֆրանսիայից, Իտալիայից, Շվեյցարիայից և Թուրքիայից այսուհետև կարտադրվի նաև Հայաստանում` Պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր ունեցող դեղագործական ընկերությունում։
«Դժվար է գերագնահատել մի բրենդի մուտքը Հայաստան, որի արտադրած ախտահանիչների կիրառումով բժշկական մեր հաստատություններում արձանագրվեց ներհիվանդանոցային վարակների նվազեցման միտում»,-ասաց նախարարը` փաստելով, որ արձանագրվում է արտասահմանյան հերթական ներդրումը։
Թե որքանով են որակյալ և նախընտրելի ֆրանսիական լասբորատորիաներում ստեղծված միջոցները` կարելի է կարծիք կազմել օծանելիքների միջոցով։
«Մենք այսօր Հայաստանում կրկնօրինակում ենք բարձրագույն այդ արտադրությունը»,-ասաց Լևոն Ալթունյանը։
Ավելի քան 115 տարի իր կայուն տեղն ունեցող, իր արտադրանքուվ աշխարհի բազմաթիվ երկրներում պահանջված ընկերությունը, հասկանալի է, միայն Հայաստանի շուկայով չի բավարարվի: Առաջիկա ծրագրերում ԵԱՏՄ և ավելի մեծ շուկաներ դուրս գալն է։
Laboratoires ANIOS-ի մուտքը Երևան ողջունեց նաև Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։
«Մենք մտադիր ենք ավելի աշխույժ համագործակցություն զարգացնել հատկապես տնտեսական ոլորտում»,-նշեց դեսպանը։
«ԱՆԻՈՍ»-ը ապուպապս է հիմնադրել։ 115 տարի առաջին հերթին առողջապահական հիմնարկություններում կռիվ ենք տալիս բացիլների ու վարակների դեմ։ Սա այն աղետն է, որ տարածում է գտել ամբողջ աշխարհում։ Միլիոնավոր հիվանդներ բարդություններ են ունենում ներհիվանդանոցային տարբեր վարակներից։ Այդ իսկ պատճառով մենք մշակել ենք դրանց վնասազերծելու մեր մեթոդաբանությունն ու տեխնոլոգիաները»,-ասաց Բերտրան Լյուտարը` հավելելով որ Հայաստանում կունենան հերթական ուսումնաարտադրական կենտրոնը։
Նշենք, որ ֆրանսիական հումքով պատրաստված Hexanios և Surfanios ապրանքատեսակները «Գառնիլայն» ընկերությունը մրցունակ գներով առաջինը կներկայացնի Հայաստանում և Ղրղզստանում։