Ազատ դեմոկրատները հեռուստաբանավեճի հրավերն ընդունել են առաջինը․ Ա․ Խաչատրյան
30.03.17 | 21:16
Այսօր պաշտպանության նախարար, ՀՀԿ համապետական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը, ռազմահայրենասիրական դաստիարակության ու պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների համաժողովի ընթացքում հայտարարել է, թե միայն ՀՅԴ-ն ու «Ելք» դաշինքն են ընդունել բաց բանավեճերի անցկացման առաջարկը։
Տեղեկացնենք, որ նման բանավեճի հրավեր ընտրությունների մասնակից քաղաքական ուժերին ուղարկվել էր Հանրային հեռուստաընկերության տնօրինության կողմից և հենց երեկ էլ հեռուստաընկերության լրատվական-վերուծական ծրագրերի տնօրեն Հարություն Հարությունյանը տեղեկացրել է, որ բանավեճը չի կայանա, քանզի 9 քաղաքական ուժերից մասնակցության համաձայնություն են տվել միայն երեքը՝ Ազատ դեմոկրատները, ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն։ Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բանավեճի հրավերն ընդունել են նամակը ստանալու հենց նույն պահին։
«Զարմանալի է, որ պաշտպանության նախարար, ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը սխալ ինֆորմացիայի է տիրապետում վերոնշյալ բանավեճի վերաբերյալ։ Ազատ դեմոկրատներ կուսակցությունն առաջին դեմքերի մակարդակով հեռուստաբանավեճի մասնակցության հրավեր է ստացել Հանրային հեռուստաընկերությունից և Արմենիա հեռուստաընկերությունից և երկու հրավերներին էլ մենք արձագանքել ենք հրավերն ստանալու նույն պահին, և բոլորին է հայտնի, որ Ազատ դեմոկրատները միշտ եղել է ու կա քաղաքակիրթ, ծրագրային և գաղափարական բանավեճի կողմնակից։ Ցավոք, ընտրություններին մասնակից որոշ քաղաքական ուժեր անհասկանալի պատճառով հրաժարվել են մասնակցել բանավեճին և այդ մասին մենք պաշտոնական տեղեկացում ենք ստացել թե՛ Հանրային, և թե՛ Արմենիա հեռուստաընկերություններից»,- մեզ հետ զրույցում ասաց Խաչատրյանը։