Հարկ վճարողների չկատարած պարտավորությունների գանձման և իրավախախտում կատարած անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցելիս, օրենքի պահանջով, պետք է պարտադիր ծանուցել հասցեատիրոջը:
Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանի տեղեկացմամբ՝ կոմիտեն հետևողական է ծանուցման համակարգի արդյունավետ կիրառման, վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ. «Անպատասխան չի թողնվում ոչ մի դիմում, իսկ ներկայացված առարկությունների հիմնավորվածության դեպքում՝ տրվում են դրական լուծումներ»:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՊԵԿ իրավաբանական վարչության տեղեկացմամբ՝ երբեմն տնտեսվարողի պաշտոնատար անձինք չեն մասնակցում վարչական վարույթներին, չնայած մասնակցելու վերաբերյալ պատշաճ ծանուցված լինելուն, այդպիսով չներկայացնելով վարույթների վերաբերյալ առարկություններ կամ պատասխանատվությունը բացառող ապացույցներ:
Ըստ Արման Մնացականյանի՝ արդյունքում վարչական մարմինը ստիպված է լինում վարչական ակտեր կայացնել վարույթներում առկա ապացույցների հիման վրա, մինչդեռ համապատասխան ապացույցներ ներկայացնելու դեպքում հնարավոր է բացառել վարչական ակտի ընդունումը: «Նման իրավիճակներից խուսափելու նպատակով ՊԵԿ-ը վարչական վարույթներին մասնակցելու վերաբերյալ ծանուցագրեր ստացած անձանց հորդորում է ներկայանալ դրանցում նշված հասցեով, մասնակցել իրականացվող վարույթներին և, անհրաժեշտության դեպքում, ներկայացնել առարկություններ` վարչական մարմնին գործի օբյեկտիվ քննություն իրականացնելու հնարավորություն տալով: Ներկայանալու անհնարինության դեպքում կարող են ուղարկել փոստային ծառայությամբ»,-նշել է իրավաբանական վարչության պետը:
Իրավաբանական վարչությունում փաստում են, որ 2015 թվականի համեմատ՝ 2016-ին 40 տոկոսով նվազել է կայացված վարչական ակտերի քանակը, իսկ գանձման որոշումները՝ շուրջ 60 տոկոսով, ինչն, ըստ Արման Մնացականյանի, պայմանավորված է ծանուցումներում քաղաքացիների ներկայացրած առարկություններով տեղ գտած իրավախախտման բացակայության վերաբերյալ հիմնավորումներով: