Ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ստացած հաղորդումներում, մամուլի հրապարակումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ դատավարական գործողությունների արդյունքում, հարուցվել է երկու քրեական գործ՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ:
Ինչպես տեղեկացնում են ՔԿ-ից, մասնավորապես.
1. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել ընտրողի կողմից թիվ 23/02 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարվելու մասին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թիվ 23/02 ընտրատեղամասի ընտրող Ա.Հովհաննիսյանը ապրիլի 2-ի առավոտյան, օրենքով սահմանված կարգով, մասնակցել է ԱԺ ընտրություններին, սակայն քվեարկությունը կատարելուց որոշ ժամանակ անց կրկին գնացել է նույն ընտրատեղամաս եւ փորձել նորից գրանցվել՝ քվեարկելու համար։ Նույնականացման սարքի ազդանշանն անմիջապես միացել է, որի արդյունքում հանձնաժողովը կանխել է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձը:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
2. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել թիվ 25/20 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարվելու մասին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թիվ 25/20 ընտրատեղամասում վստահված անձ գրանցված Բ.Բարսեղյանը որպես ընտրող, օրենքով սահմանված կարգով͵ ապրիլի 2-ին նշված ընտրատեղամասում մասնակցել է ԱԺ ընտրություններին͵ սակայն որոշ ժամանակ անց՝ ժամը 20-ի սահմաններում, փորձել է նորից գրանցվել՝ քվեարկելու համար։ Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Այսպիսով՝ ապրիլի 5-ի դրությամբ, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվում է 9 քրեական գործ` ապրիլի 2-ին այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ, որոնցից 6-ը՝ մարզերում (1-ական քրեական գործեր՝ Սյունիքում͵ Վայոց Ձորում, Արամավիրում, Շիրակում͵ 2-ը՝ Լոռիում), 3-ը՝ Երևանում:1 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, 5-ը՝ կասկածյալ։