ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը եւ հանձնաժողովի անդամ Վահրամ Մկրտչյանը մայիսի 24-ին հանդիպել են «Վեսթմինսթերյան» ժողովրդավարության հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Նշենք, որ պատվիրակության այցի նպատակը օրենսդրական եւ վերահսկողական աշխատանքում խորհրդատվությունների տրամադրումն է:
Ողջունելով հյուրերին՝ Հովհաննես Սահակյանը ներկայացրել է մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումները եւ դրան հաջորդող օրենսդրության համապատասխանեցման գործընթացները: Այս համատեքստում պարոն Սահակյանը մանրամասն ներկայացրել է ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման փուլերը եւ հիմնադրույթները:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ աշնանը շրջանառության մեջ կդրվի եւ կքննարկվի «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագիծը, որը, պարոն Սահակյանի համոզմամբ, խորհրդարանական կառավարման առանցքային օրենքներից է:
Կողմերն օրենսդրական աշխատանքում փորձի փոխանակումների տեսանկյունից կարեւորել են փոխայցերը, անդրադարձել տարբեր խորհրդարանական խմբակցությունների եւ հանձնաժողովների կառուցվածքին եւ գործունեությանը, տարբեր երկրներում խորհրդարանի վերահսկողական գործառույթի իրացմանը, որակյալ փոքրամասնության ձեւավորմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ օրենսդրական նախաձեռնությունների քննարկման եւ ընդունման ընթացակարգերի, օրենքը շրջանառությունից հանելու մեխանիզմների եւ այլ հարցերի վերաբերյալ: