Մեր քաղաքապետ Տարոն Մարգարյանի հաղթանակի շանսերը շատ մեծ են. Ռոբերտ Սարգսյան
20.04.17 | 19:12
Խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ մեկ ընտրատարածքից Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը ստացավ շուրջ 61.074 ձայն, եւ այդ ընտրատարածքից պատգամավորներ ընտրվեցին ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը` 27107 ձայնով, եւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը` 19.874 ձայնով: Ամփոփելով նախընտրական եւ հետընտրական գործընթացները` «Իրավունքը» զրուցեց տվյալ ընտրատարածքից ամենաշատ ձայները ստացած ԱԺ ՀՀԿ խմբակցության արդեն նորընտիր պատգամավոր ՌՈԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:Фото Sarafyan Hrant.
«ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆ ԱՍՎԱԾՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ, ԿԱՐԾԵՍ ԹԵ, ԱՇԽԱՏԵՑ»
–Պարոն Սարգսյան, թիվ մեկ ընտրատարածքում ընտրողների ամենաշատ քվեներին Դուք արժանացաք: Ավանում պարզ է, որ ընտրողները տեսել էին Ձեր կատարած աշխատանքը: Հետաքրքիր է` ինչպե՞ս հաջողվեց գրավել նաեւ Նոր Նորքի եւ Քանաքեռ-Զեյթունի ընտրողների համակրանքը:
– Երեւանը փոքր քաղաք է, լավ ու բարի տեղեկությունները շատ արագ են հասնում, եւ բնական է, որ իմ կատարած աշխատանքի, բնակիչների հանդեպ ունեցած վերաբերմունքի, պատգամավորական գործունեությունս կազմակերպելու կոնկրետ սկզբունքների մասին գիտեն կամ իմանում են նաեւ Նոր Նորքում եւ Քանաքեռ-Զեյթունում: Բայց մյուս կողմից ամեն ինչ թողնել մարդկանց, սխալ է: Իմ թիմը, ես նախընտրական ակտիվ քարոզարշավ ենք իրականացրել, հանդիպումներ ենք ունեցել նաեւ ձեր նշած վարչական շրջաններում, որտեղ առաջարկել եմ մեր քաղաքացիներին միանալ ինձ, մեր մեծ ընտանիքին եւ միասին շարժվել առաջ:
– Ինչպե՞ս կգնահատեք ողջ ընտրապայքարը, հատկապես, որ նույն ընտրատարածքում ընդդիմադիր վարկանիշային պատգամավորներից շատերը, պարզապես, տապալվեցին` իրենց քաղաքական ուժերով հանդերձ:
– Ընտրապայաքարը, իսկապես, հետաքրքիր էր ու մրցակցային: Ռեյտինգային ասվածն իրականում, կարծես թե, աշխատեց: Մարդիկ ընտրեցին նրան, ում հավատում են, վստահում, ով ունի փորձ, անցած աշխատանքային ճանապարհ, հարգանք ու հեղինակություն: Թե ինչու տապալվեցին, դրա պատասխանը մեկն է` մեր ազգաբնակչությունն արդեն շատ լավ գիտի իրականում ով եւ ինչ է արել իր համար, ով եւ ինչ է պատրաստվում անել իր համար: Այս ամենին եթե հավելենք գաղափարական ու ծրագրային դեֆիցիտը, պարզ էր, որ նրանք չէին կարող հաջողություն ունենալ: