Ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքներին մոտ 4 մլն դրամի օգնություն է տրամադրվել
26.05.16 | 12:11
ԱԺ-ում 2015թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց, թե ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքներին և վիրավորված զինծառայողներին ինչ աջակցություն է ցուցաբերվել:
Նախարարն ասաց, որ զոհվածների ընտանիքներին օգնելու համար կարիքների ընդհանուր գնահատական է տրվել և այդ ուղղությամբ ծրագրեր են իրականացվել: «Գիտեք, որ մեծ ծավալ կազմեց անհատ քաղաքացիների ու կազմակերպությունների կողմից ինքնաբուխ օգնություն տրամադրելը, և դա ևս նպաստ բերեց սոցիալական խնդիրների լուծմանը»,- ասաց նա:
Պետական մակարդակով ասաց, որ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ են արվել, որի մի մասը առաջիկայում կառավարությունը կհաստատի: Նախարարը ներկայացրեց, որ զոհվածների ընտանիքներին մոտ 4 մլն դրամի միանվագ օգնություն է տրամադրվել: Նաև կենսաթոշակներ են սահմանվել, պարգևավճարներ և այլն:
ՀԱԿ պատգամավորը հետաքրքրվեց նաև վարչապետի հանձնարարականից և հարցրեց, թե ինչ օպտիմալացման աշխատանքներ են տարվել: Նախարար Ասատրյանն ասաց, որ վարչապետի հանձնարարականով հանձնաժողով է ստեղծվել և այդ աշխատանքներն ընթացքի մեջ են: Իսկ մեքենաների կրճատման հետ կապված, ներկայացրեց, որ նախատեսված է 41 մեքենա կրճատել: