Չորս տարում վերջնական լուծում տալ տասնամյակների կուտակված բոլոր խնդիրներին, հնարավոր չէ. Տարոն Մարգարյան
07.05.17 | 10:52
Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ ավագանու թեկնածուների հետ միասին նախընտրական հանդիպումներ է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ:
Բակային հանդիպումների ժամանակ Տարոն Մարգարյանը նախ ամփոփել է անցած տարիների ընթացքում կատարած աշխատանքները՝ ընդգծելով, որ այն, ինչն արվեց այս տարիների ընթացքում, բնակիչների աչքի առաջ էր և նրանք համոզվեցին, որ այս թիմի համար Երևանի համաչափ զարգացումը՝ որպես գերակա սկզբունք, դրված է ներկայացված բոլոր ծրագրերի հիմքում:
«Համաչափ զարգացում ապահովվելու արդյունքում է, որ Երևանի բոլոր վարչական շրջաններում կարողացանք բարեկարգել հազարավոր բակեր, կառուցել նոր խաղահրապարակներ, նորոգել բազմաբնակարան շենքերի տանիքներ ու մուտքեր, պատշաճ պայմաններ ապահովել կրթական և մշակութային հաստատություններում: Քաղաքային տնտեսության կառավարման մեր բոլոր ծրագրերի հիմքում համաչափ զարգացման սկզբունքն է
Եվ էլի շատ ծրագրեր, որոնք մեծ ոգևորությամբ են ընդունվել մեր բնակիչների կողմից, որոշակիորեն բարելավել են մեր համաքաղաքացիների առօրյա միջավայրն ու արժանացել են նրանց գնահատանքին: Եվ որքան էլ որ ոմանք այսօր փորձում ենք չտեսնել կատարված հսկայածավալ աշխատանքներն ու իրականացված ծրագրերը, միևնույն է, դրանք կա՛ն և այսօր էլ լիարժե՛ք ծառայում են մեր բնակիչներին»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Չնայած այս տարիների ընթացքում թիմի կատարած մեծածավալ աշխատանքներին, Երևանի գործող քաղաքապետը նկատել է, որ Երևանում դեռ կան խնդիրներ որոնք լուծումներ են պահանջում: Տարոն Մարգարյանը նաև վստահեցրել է, որ բնակիչների առաջարկությամբ դրանք ևս ընդգրկվել են Երևանի առաջիկա տարիների զարգացումն ապահովող Հանուն Երևանի ծրագրում:
«Չորս տարում վերջնական լուծում տալ տասնամյակների կուտակված բոլոր խնդիրներին, հնարավոր չէ՛ ու դա բոլորը լա՛վ գիտեն: Այս տարիների ընթացքում, վստա՛հ եմ, դուք համոզվեցիք որ, մերը գո՛րծն է, որի ականատեսն ու, հաճախ նաև անմիջական մասնակիցը, հենց դու՛ք եք, սիրելի համաքաղաքացիներ: Բազում առիթներ ունեցել եք նաև համոզվելու, որ ես և իմ թիմը ունե՛նք բավարար կամք և վճռականություն՝ հաղթահարելու դժվարություններն ու կյանքի կոչելու հավակնոտ ծրագրեր»:
Երևանի զարգացման առաջիկա 5 տարիների ծրագրով առաջիններից մեկը լուծում է տրվելու բազմաբնակարան շենքերի արդյունավետ կառավարման հետ կապված խնդրին, էրեբունցիներին ներկայացնելով նախընտրական ծրագրի դրույթները՝ նշել է Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն ու հավելել, որ թիմն արդեն նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որի արդյունքում կներդրվի համատիրությունների նոր մոդել, որով կսահմանվեն բոլոր կողմերի պարտականություններն ու պարտավորությունները, ինչն իր հերթին կբերի արդյունավետ կառավարման:
«Այս տարիների ընթացքում մեզ համար առաջնահերթը եղել ու շարունակում է մնալ մեր բնակիչների արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու ապահովումը: Եվ համոզվա՛ծ եղեք, որ մեր թիմը պատրա՛ստ է շարունակել օր ու գիշեր ծառայել ձեզ:
Դրա համար եկել ենք խնդրենք, որ մայիսի 14-ին ձեր վստահության քվեն տաք փորձառու՛ և բանիմա՛ց թիմին, նրանց, ովքեր լա՛վ գիտեն ձեզ հուզող խնդիրներն ու մի՛շտ են ձեր կողքին: Վստահեք ա՛յն թիմին, որը ձե՛ր խորհուրդներով, ձե՛ր աջակցությամբ և ձե՛զ հետ միասին այս տարիների ընթացքում ապահովել է Երևանի զարգացումը»:
Շարունակելով առաջնորդվել մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքով, Հանուն Երևանի կարգախոսով հանդես եկող Տարոն Մարգարյանի գլխավորած թիմը առաջիկա 5 տարիներին կապահովի նաև բոլոր այն ծրագրերի շարունակականությունը, որոնք մեծ ոգևորությամբ են ընդունվել երևանցիների կողմից ու նպաստել են բոլոր բնակիչների համար հարմարավետ ու բարեկարգ պայմաններ ապահովելուն: