Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանն անհրաժեշտ է համարում, որ Արթուրը հարմարվի ըմբշամարտի նոր կանոններին մինչև աշխարհի առաջնությունը:
«Վնասվածքներն Արթուրին խանգարել էին այս տարի միջազգային մրցաշարերի մասնակցել, իսկ աշխարհի առաջնությունից առաջ հարկավոր էր նոր կանոններով գոտեմարտել: Եկանք ընդհանուր հայտարարի, եւ Արթուրը մասնակցեց Եվրոպայի առաջնությանը: Իհարկե, վնասվածքը խանգարեց, կար նաեւ հոգեբանական գործոնը. ինը ամիս չէր մասնակցել մրցումների: Կարծում եմ` նա հաղթահարեց այդ ամենը եւ հանդես եկավ ավելի լավ, քան պատրաստ էր այդ պահին: Գոտեմարտերի ընթացքում ցավերն ուժեղանում էին: Նա պետք է լավ հանգստանա, իսկ վերականգնվելու համար նորից բժշկական կուրս անցնի»,- Ալեքսանյանի խոսքերը փոխանցում է ՀԱՕԿ-ը:
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը դարձավ միայն բրոնզե մեդալակիր: