Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչին
18.04.16 | 16:18
Ապրիլի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան|ն ընդունեց ԵԱՀԿ գործող գերմանական նախագահության` Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Գյունտեր Բեխլեր-ին:
Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության հատուկ ներկայացուցչին մանրամասն ներկայացրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, մինչ օրս վերջինիս կողմից շարունակվող հրադադարի ռեժիմի խախտումները:
Դեսպան Բեխլերը նշեց, որ ԵԱՀԿ գերմանական նախագահությունը խիստ մտահոգված է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում իրավիճակի սրմամբ, և ցավակցություն հայտնեց ռազմական գործողությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում բանակցային գործընթացի շարունակման հեռանկարների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը։
Զրուցակիցները շեշտեցին հատկապես ստեղծված պայմաններում հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանն ուղղված՝ եռանախագահ երկրների ջանքերին անվերապահ աջակցության կարևորությունը։
Նախարար Նալբանդյանն ընդգծեց. «Ադրբեջանական կողմից չեն դադարում բանակցային գործընթացի շուրջ շահարկումները։ Մինչդեռ համանախագահ երկրների առաջարկները հայտնի են և հստակ ձևակերպված, այդ թվում՝ եռանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտնի հայտարարություններում, որոնց անկյունաքարն է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը։ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները դրանց հիման վրա»։