Ինչպես ՀՀ փոխոստիկանապետի, այնպես էլ յուրաքանչյուր պաշտոնյայի գույքի մասին տեղեկատվությունը բաց է. Ա. Ահարոնյան
30.05.16 | 22:36
Ինչպես ՀՀ փոխոստիկանապետի, այնպես էլ յուրաքանչյուր պաշտոնյայի գույքի մասին տեղեկատվությունը բաց է։
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Յուրաքանչյուր պաշտոնյայի գույքի մասին տեղեկատվությունը դրված է, ինչը թափանցիկ է. յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է նայել, տեսնել, իսկ գնահատական տալը արդեն անձի խնդիր է»,-ասաց Աշոտ Ահարոնյանը՝ դրանով ակնարկելով, որ ՀՀ փոխոստիկանապետը վաճառել է մեկ մեքենա գնել մեկ ուրիշը։
Նշենք, որ մամուլն ու սոցցանցերն անդրադարձել էին ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի գույքին՝ այն համատեքստում, թե, մեջբերում ենք, «ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հաճախ է խոսում համակարգի բարեփոխումների և իր ներկայացրած պահանջներին չհամապատասխանող կադրերի հեռացման մասին», ապա անդրադառնում 2015-ին փոխոստիկանապետի՝ 12 միլիոն դրամով ձեռք բերված մեքենային:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրի՝ իր և իր կնոջ դրամական միջոցների թվում հաշվետու տարում նշվում է, որ փոխոստիկանապետը 12. 000. 00 միլիոն դրամով գնել է MERCEDES-BENZ E 200 ավտոմեքենա և 7 միլիոն 200 հազար դրամով վաճառել էր մեկ այլ ավտոմեքենա` MERCEDES-BENZ E 320-ը:
Հնչող հիմնական հարցադրումն այն էր, թե ինչպես է կարողացել տարեկան 5 միլիոն դրամ աշխատավարձ ստացող Սամվել Հովհաննիսյանը, ում կինը որևէ տեղից աշխատավարձ չի ստացել, ինչպես է կարողացել այդքան գումար «հետ գցել»: