Քաղաքապետարանում մենք ունենք վաստակած լիազորություններ, որոնք մեզ տվել են մեր քաղաքացիները, հետևաբար, այդ լիազորությունները բանեցնելու ենք: Երևանի ավագանու մանդատները վերցնելու մասին նման հայտարարություն է արել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում:
«Բոլոր նրանք, ովքեր բռնազավթել են իշխանությունը, և՛ ողջ հանրապետությունում, և՛ քաղաքապետարանում զգալու են մեր դիմադրությունն ու հարձակումները: Հարձակում ոչ թե ֆիզիկական բռնի ուժի կիրառման համատեքստում, այլ իրավունքի, պահանջների տեսանկյունից և, իհարկե, նրանց ձեռքը բռնելու ենք, այնպես ենք անելու, որ այդ ձեռքը հնարավորություն չունենա գողություն կատարելու»,- զգուշացրել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը:
Նրա խոսքով՝ տարիներ շարունակ նրանք ուղղակի յուրացրել են հանրային գումարները, այս ամենը հիմա լուրջ, ռեալ վերահսկողության տակ է գտնվելու իրենց կողմից:
«Նրանց կողմից ցանկացած մեկ դրամի ծախսն արդեն դժվար և տեսանելի է լինելու, հրապարակվելու է, իրենց համար դյուրին, մատչելի պայմաններ չեն լինելու՝ շարունակելու յուրացնել գույքը: Դուք կտեսնեք, թե ինչպես է Տարոն Մարգարյանն աշխատելու Զարուհի Փոստանջյանի մոտ՝ որպես բռնազավթիչ քաղաքապետ»,- նշել է Զարուհի Փոստանջյանը:
Նա Վարչական դատարանից միանշանակ ակնկալիքներ չունի: Ըստ նրա՝ դա ընթացակարգ է, որը պիտի սպառվեր: Այդ պատճառով էլ դիմել էին:
«Հասկանում ենք, որ Հայաստանում ոչ իրավապահ մարմիններն են իրենց տեղում, ոչ էլ դատարանը, հետևաբար, դատական պաշտպանության ակնկալիք մեզ համար չկա: Բայց, միաժամանակ, մենք պարտավոր ենք դիմել այդ ատյաններին և ստանալ մերժում, իհարկե, ցանկանում էինք ներկայացնել նաև մեր հիմնավորումները և ապացույցները, որի հնարավորությունը մեզ չտրվեց: Դա էլ է միևնույն: Մենք դա կարող ենք անել դահլիճից դուրս՝ հրապարակավ, ուղիղ եթերում, հավանաբար այդպես էլ կանենք: Կներկայացնենք և հիմնավորումները, և հայցի առարկան»,-նշել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը: