Երևանում կրկին կտարածվի «Ոսկե ծիրան»-ի մշակութային բույրը
05.06.17 | 14:25
Կրկին ամառ, իսկ ինչ ամառ առանց ծիրան և հատկապես «Ոսկե ծիրան». հուլիսի 9-16-ը կանցկացվի «Ոսկե ծիրան» Երևանի 14- րդ միջազգային կինոփառատոնը: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի, ՀՀ Մշակույթի նախարարության և կինոփառատոնի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացուցիչներն
ազդարարեցին 14-րդ փառատոնի մեկնարկի մասին:
Փառատոնը ստացել է մոտ 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ:
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որ փառատոնն առաջին անգամ անցկացնելիս՝ հայկական արտադրության ընդհամենը երկու ֆիլմ էր ներկայացվել, իսկ այս անգամ 45 ֆիլմ ընգրկվել են և մոտ այդքանն էլ չեն ընդգրկվել:
«Ձեռքբերում է այն, որ այս տարիների ընթացքում սկսեցին արտադրվել հայկական ֆիլմեր, մենք արդեն հնարավորություն ունենք ընտրելու»,-ասաց Հարություն Խաչատրյանը:
ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի կարծիքով էլ այս փառատոնն ամեն ամառ կարողանում է ջերմություն, ուրախություն բերել Հայաստան:
«Ոսկե ծիրանը» կինոյի զարգացման մեր հայեցակարգում կարևորագույն դերակատարություն է ունենալու: Այս փառատոնը հարթակ է, որտեղ մտքեր են փոխանակում կինոարտադրողները, կինոգործիչները, այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են այդ դաշտով»,– ասաց Արմեն Ամիրյանը։
«Կան իրադարձություններ, որոնք անգնահատելի ազդեցություն են թողնում հասարակության կյանքում. ձևավորում են մտածողություն, ստեղծում երկրի հեղինակությունը բարձրացնելու հնարավորություն և սերունդներ դաստիարակում: Սխալված չեմլինի, եթե նշեմ, որ Հայաստանում այդ իրադարձություններից մեկը «Ոսկե ծիրան» կինոփառատոնն է: Այնարժեհամակարգ ձևավորող, արվեստի լեզվով խնդիրները վերհանող, գեղեցիկն ու առողջը սերմանող երևույթ է, որն արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար: Հպարտ եմ տարիների մեր համագործակցության և փառատոնի արձանագրած հաջողությունների համար», -ասաց է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Փառատոնը կբացի ռեժ. Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ընչազուրկ գյուղացիների և արհեստավորների ապստամբության մասին պատմող ֆիլմը:Այս տարի լրանում է ֆիլմի 90 ամյակը: Իսկ փակման ֆիլմը ռեժ. Ջո Բեռլինգերի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացման մտադրությամբ» վավերագրական ֆիլմն է: