Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն
29.06.17 | 20:15
Հունիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կանադայի հայոց թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Բաբկեն Սրբազանի ազգասիրական, հայանպաստ գործունեությունը, համայնքը միավորելուն, հայապահպանությանն ուղղված նրա ջանքերը:
Սփյուռքի նախարարը Բաբկեն արքեպիսկոպոսին ներկայացրեց նախարարության կատարած աշխատանքներն ու իրականացրած ծրագրերը, անդրադարձավ նոր ծրագրերին, «Հայրենիք-Սփյուռք» 6-րդ համաժողովի կազմակերպական աշխատանքներին:
Բաբկեն Սրբազանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց համայնքի հաջողությունները և նվաճումները: Նա հպարտությամբ նշեց, որ Կանադայի հայկական համայնքի, կազմակերպությունների և դեսպանի ջանքերով Օտտավայի կենտրոնում` Համադաշնության պուրակում, տեղադրվել է հայտնի կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կիսանդրին, որը հայ ժողովրդի նվերն է Կանադայի ժողովրդին և խորհրդանշում է Կանադայի և Հայաստանի միջև ամուր բարեկամությունը: Սրբազանն անդրադարձավ նաև Մոնրեալում և Տորոնտոյում Հայաստանի Առաջին Հանրապետության տոնին նվիրված քայլարշավներին Կանադայի հայ համայնքի մասնակցությանը, որոնց միավորում էին մարդու իրավունքների պաշտպանության, Ցեղասպանությունների կանխարգելման, անկախության ու վերածնունդի գաղափարները:
«Մենք պետք է լինենք առաջին քայլողները, որպեսզի մեր հետևից տանենք նաև հոտը: Ստեղծել ենք Միացյալ հանձնախումբ՝ տոները միասնական կազմակերպելու, համայնքային խնդիրները միասին լուծելու համար». հավելեց Կանադայի հայոց թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը:
Քննարկվեցին սփյուռքի համայնքները միավորելու, համահայկական առաջնահերթություններին մասնակցելու միասնական համակարգող մարմին ստեղծելու, Հայաստանի սահմանամերձ գյուղերի աջակցության կազմակերպմանն առնչվող հարցեր: