Photo. «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրվեց
10.07.17 | 10:47
Երեկ Երևանում «Ոսկե Ծիրանյան» բույր էր տարածվել. ծիրանօրհնեքի ավանդական արարողութամբ տրվեց կինոփառատոնի մեկնարկը:
Շառլ Ազնավուրի հրապարակում հանդիսավոր կերպով բացվեցին կինոռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և օպերատոր Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող աստղերը:
«Աստղերի բացման արարողությունը սկսկվեց 5-6 տարի առաջ և դարձավ գեղեցիկ ավանդույթ, այսօր մենք ունենք տասնյակ աստղեր ու դեռ կունենանք, որպեսզի բոլորը հիշեն մեր մեծերին, չմոռանան նրանց արվեստն ու մեծ գործը»,- ասաց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը:
Ի հավելում նրա խոսքին ՀՀ մշակութի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ 3 ականավոր կինոգործիչների հիշատակը հավերժացնող աստղերի բացման օրը հիշարժան և կարևոր օր է բոլորի համար:
«Նրանք մի քանի սերնդի համար թողեցին լավ ժառանգություն՝ իրենց պատկերացումն ու միտքը ամեն ինչի մասին: Նրանք կարողացան կրթել մի քանի սերունդ, որոնք սկսեցին մտածել իրենց պես, ընկալել Հայաստանն ու աշխարհը իրենց նկարած ժապավենի միջողոցով»,-ասաց Արմեն Ամիրյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ- ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ուրախ եմ, որ ևս մի տարի անցկացվում է «Ոսկե ծիրան»-ը: Սա ուղղակի փառատոն չէ, այլ այն ունի շատ կարևոր առաքելություն, որն է մեր երկիրն ավել ճանաչելի դարձնել աշխարհում», - ասաց Ռալֆ Յիրիկյանը:
Փառատոնի մեկնարկին նվիրված հանդիսությանը հաջորդեց 14-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմի՝ Համո Բեկնազարյանի «Խասփուշ»-ի ցուցադրությունը:
Արմինե Բրսոյան