«ՀԱՅ-ԱՐՏ» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Արտ Ֆեստ 2016»-ի կերպարվեստի ցուցահանդեսի բացումը
04.06.16 | 18:31
Հունիսի 2-ին մեկնարկած «Արտ Ֆեստ 2016» միջազգային երիտասարդական բաց փառատոնը շրջանակներում այսօր «ՀԱՅ-ԱՐՏ» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ կերպարվեստի ցուցահանդեսի բացումը:
Այս տարի կերպարվեստի մասնագիտական հանձնախմբի կազմում են ՀՀ վաստակավոր նկարիչ, ԵԹԿՊԻ Կերպարվեստի և անիմացիայի ամբիոնի վարիչ Դավիթ Մինասյանը,
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադան,
ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանը,
ՀՀ դիզայներների միության նախագահ Աշոտ Բաղդասարյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդուարդ Վարդանյանը և Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր Էդուարդ Սեդրակյանը: Վերջինս խորհուրդ տվեց երիտասարդներին լինել շատ աշխատասեր, համառ և լուրջ գիտելիքներ ունենալ:
«Լավ սովորեք, եղեք ազնիվ ինքներդ ձեր նկատմամբ, քանի որ արվեստը անազնիվ քայլեր չի սիրում ու ամենակարևորը լինեք մեր ազգային արժեքների կրողն ու շարունակողը և հենվեք այդ հիմքի վրա»,-ասաց Էդուարդ Սեդրակյանը:
Այս տարի առաջին անգամ փառատոնը դարձել է միջազգային և ընդլայնել իր սահմանները՝ համախբելով երիտասարդներին տարբեր երկրներից:
«Պետք է ասեմ, որ սա մի մշակութային խաչմերուկ է, որտեղ ամեն տարի հանդիպում ենք , փորձում ենք հասկանալ ինչ նոր ուղղություններ ինչ նոր գործեր են առաջարկում մեր երիտասարդները.. շնորհակալ եմ, որ մասնակցում եք,սա մի տոն է ,որտեղ բոլորն են հաղթում, շնորհավորում եմ բոլորիս»,-ասաց Աշոտ Համբարձումյանը:
Արմինե Բրսոյան