Էլեկտրոնային կառավարման խորհրդի նիստ է գումարվել ՊԵԿ-ում
20.04.16 | 12:24
Քննարկվել են էլեկտրոնային համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր
Պետական եկամուտների կոմիտեի կազմում ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ ապրիլի 19-ին գումարվել է Էլեկտրոնային կառավարման խորհրդի նիստ: Շեշտելով հարկային և մաքսային համակարգերում էլեկտրոնային գործընթացների կայացման կարևորությունը` հատուկ անդրադարձ է կատարվել արդյունավետության բարձրացման խնդրին, որի լուծմանը պետք է ուղղվի խորհրդի աշխատանքը: Նկատելով, որ տնտեսվարողների կողմից ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունների շուրջ 90%-ն ստացվում է էլեկտրոնային եղանակով` Հ. Հովսեփյանը նշել է, որ ձեռքբերումներն այդքանով չեն սահմանափակվելու. «Էլեկտրոնային կառավարման խորհրդի նիստը պարբերական բնույթ է կրելու` հնարավորություն ընձեռելով վեր հանել և լուծել ծրագրերի արագ իրագործումը խոչընդոտող ընթացիկ հարցերը, որպեսզի համակարգում գործընթացները սահուն իրականացվեն: Ընդ որում, խնդիրների ուսումնասիրման նպատակով գործում է օպերատիվ շտաբ»: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված՝ էլեկտրոնային կառավարման խորհրդի նիստում կարևորվել են հարկային և մաքսային մարմիններում տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցերը, ինչպես նաև ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգի ինտեգրումը նմանատիպ այլ համակարգերին: Կոմիտեի էլեկտրոնային գործընթացների բոլոր ուղղություններով խորքային ուսումնասիրությամբ զբաղվող աշխատանքային 15 խմբերը հաշվետվություն են ներկայացրել ձեռնարկված միջոցառումների ընթացքի մասին, որոնք վերաբերել են, մասնավորապես, երրորդ անձանցից ստացվող տեղեկատվության մշակմանը, հարկային օրենսգրքին զուգահեռ միասնական հաշվի գործարկման նախապատրաստական քայլերին: Էլեկտրոնային միասնական համակարգի ծրագրավորման մի շարք ուղղություններ իրականացվում են Համաշխարհային բանկի մասնակցությամբ, որի ներկայացուցիչները բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն են հայտնել Հ. Հովսեփյանի հետ հանդիպման ընթացքում: Կոմիտեի նախագահն ընդգծել է, որ առաջնահերթությունների շարքում է նաև հարկային և մաքսային ծառայողների կողմից վերլուծական գործիքների լիարժեք օգտագործման հարցը. «Պետական բյուջեի հարկային ռեզերվների բացահայտման նպատակով իրականացվող վերլուծության հարցում մեծ նշանակություն ունի էլեկտրոնային ընթացակարգերի զարգացումը, որը նպաստելու է համակարգի հետագա կայացմանը»: