Իշխող կուսակցությանը ցանկացած օրինախախտում անհանգստացնում է. Շարմազանովը՝ Վերնիսաժի կրակոցների մասին
15.09.17 | 10:43
«Իշխող կուսակցությանը ցանկացած օրինախախտում, այդ թվում՝ սպանություն, անհանգստացնում է»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով այսօր Երևանում հնչած կրակոցներին, որոնց հետևանքով մեկ մարդ սպանվել է:
Նրա խոսքերով՝ դեպքը մտահոգիչ է, բայց իրավունք չունեն գնահատական տալ, այստեղ անելիք ունեն իրավապահները։ «Ցանկացած նման դեպքը մտահոգիչ է, հատկապես ինձ համար, քանի որ ես Ալավերդի քաղաքից եմ», - նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նա հորդորեց սպասել իրավապահների քննության ավարտին:
Անդրադառնալով Երևանի ավագանու նիստում սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած միջադեպին՝ Շարմազանովը նշեց, որ ԳՄ նիստում դա չի քննարկվել, սակայն ինքը մշտապես կողմնակից է եղել քաղաքակիրթ շփմանը՝ և՛ ընդդիմության, և՛ իշխանության կողմից:
«Ցանկացած ոչ քաղաքակիրթ դիրքորոշում ընդունելի չէ, սակայն շատ դեպքերում, իշխանության և ընդդիմության գործիչների մոտ չի ստացվում պահպանել կոռեկտությունը: Բայց մի բարեկամական առաջարկ լրատվամիջոցներին՝ այդքան հետևողական եղեք նաև այն ժամանակ, երբ ոչ կոռեկտ են իրենց պահում ոչ իշխանության ներկայացուցիչները»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը: