Նախարարության աջակցությամբ Երևանում 2-րդ անգամ կանցկացվի ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոն
15.09.17 | 18:14
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, սեպտեմբերի 17-ին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մարզադահլիճում (նախկին՝ «Միկա») կկայանա ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։
Ինչպես այսօր կայացած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը. «Ուրախալի է, որ Հայաստանի Հանրապետությունը և Ճապոնիան սերտորեն համագործակցում են ոչ միայն տնտեսական, այլ նաև մարզական և մշակութային ոլորտներում: Հուսով եմ, Ճապոնիայից ժամանած կարատեի և ձյուդոյի բարձրակարգ վարպետների անցկացրած սեմինարները, կնպաստեն մեր մարզիչների հմտությունների կատարելագործմանը և վարպետության բարձրացմանը»,- ասել է Գ. Ղազարյանը:
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էիջի Տագուչին, շնորհակալություն հայտնելով փառատոնի կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար նշեց, որ նման միջոցառումները հայ և ճապոնացի ժողովուրդներին օգնում են միմյանց ավելի լավ ճանաչել և հաղորդակից դառնալ երկու երկրների մշակութային և մարզական հարուստ ավանդույթներին:
Նշենք, որ ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոնը Երևանում կազմակերպվում է 2-րդ անգամ: Այս տարի այն համատեղ կազմակերպել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատունը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Ճապոնիայից ժամանել են կարատեի վարպետ Մասարու Կուսանոն, ձյուդոյի վարպետներ Յոշիհարու Մակիշին և Հիրոշի Իզումին, ովքեր հայ մասնագետների համար անցկացնում են սեմինարներ: Նրանք, փառատոնի ընթացքում, մեր երկրում գործող ճապոնական մարտարվեստների ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ համատեղ, հանդես կգան ցուցադրական ելույթներով: