Հայկական կողմը թույլ չի տա, որ բանակցային գորընթացը դուրս գա Մինսկի խմբի շրջանակներից. քաղաքագետ
15.06.16 | 22:50
ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ Պուտինը Սարգսյանի և Ալիևի մոտ փորձում է տպավորություն ստեղծել, թե ինքն է ղարաբաղյան հակամարտության իրական խաղացողը: Իսկ թե ինչ նպատակով է Բրայզան նման հայտարարություն արել և միթե ԱՄՆ -ն ևս փորձում է այս հարցում հաշտարարի դերն իր վրա ևս ստանձնելSlaq.am-ը խոսեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:
«Ես չէի ասի, որ Մեթյու Բրայզայի հայտարարությունը դա ԱՄՆ-ի դիրքորոշումն է արտահայտում, նա ուղղակի փորձագետ է, ով ժամանակին զբաղվել է տարածաշրջանային հարցերով, և նրանից հետո իրավիճակը փոխվել է: Նրա կարծիքը ոչ այլ ինչ է, քան փորձագիտական կարծիք : Այս հայտարարությունով նա կարող է փորձագիտական կարծիք արտահայտել, բայց բանակցային գորընթացների վրա լուրջ ազդել կամ ճիշտ գնահատական տալ այն զարգացումներին, որոնք այս պահին առկա են բանակցություններում հակամարտության շուրջ այդպես չէ :
Իսկ այն հարցին, թե ինչու ԵԱՀԿ-ն չի մասնակցում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման եռակողմ բանակցությունների նախապատրաստմանը` բանախոսը նշեց.
«Ես այդքան էլ վստահ չեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն մասնակցի հանդիպմանը, կարծում եմ բոլոր դեպքերում Մինսկի խմբի համանախագահները այնտեղ կլինեն, համենայն դեպս հանդիպման նախապատրաստական բոլոր աշխատանքներին նրանք ակտիվորեն մասնակցել են և մասնակցել են անդամ պետությունների արտգործնախարարների մակարդակով, այսինքն` որևէ խնդիր Մինսկի խմբի շրջանակների հետ կապված ես չեմ տեսնում և վստահ եմ, որ հայկական կողմը թույլ չի տա բանակցային գորընթացը դուրս գա Մինսկի խմբի շրջանակներից:
Հնարավոր է` այս փուլում տարբեր ֆորմատի հանդիպումներ լինեն, ինչը առիթ չի խոսելու, թե Մինսկի խումբը այժմվանից ներգրավված չէ բանակցային գործընթացում: Վստահ եմ, որ նրանք դեռ շարունակելու են համագործակցությունը թե Հայաստանի, թե Արցախի և թե Ադրբեջանի նախագահների հետ»:
Թամարա Աբրահամյան