Հանրապետության գլխավոր տոնածառի չափսն ու ձևն այս տարի չի փոխվի, քանի որ դա ենթադրում է հավելյալ ծախս. Արամ Սուքիասյան
05.12.17 | 13:00
Հաշված օրեր են մնացել Ամանորին, և Երևան քաղաքն արդեն պատրաստվում է տոներին: Հանրապետության գլխավոր տոնածառի չափսն ու ձևն այս տարի չի փոխվի, քանի որ դա ենթադրում է հավելյալ նոր ծախս. այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրեց Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնակատարությունների մասին տեղեկատվություն:
Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ այս տարի միջոցառումների կազմակերպման համար նախատեսվել է 54 մլն դրամ, ինչպես նախորդ տարի: Ամանորյա միջոցառումները կուղեկցվեն սոցիալական բաղադրիչով՝ մոտ 23 հազար ընտանիք կստանա պարենային փաթեթ, մոտ 40 հազար մանուկ՝ քաղցրավենիքի փաթեթ, իսկ մոտ 4 հազար երեխայի կտրամադրվի թատրոնի տոմսեր՝ Ամանորյա հեքիաթային հանդեսներին մասնակցելու համար:
«Հանրապետության գլխավոր տոնածառի չափսն ու ձևը չի փոխվի, քանի որ դա ենթադրում է նոր տոնածառ, ինչն էլ նոր կողմնակի ծախս է ենթադորում: Եթե մենք համայնքային բյուջեից իրականցնենք այդ ծախսը, ապա չգիտեմ դա որքանով արդարացված կլիներ: Մենք լույսերի ու նոր խաղալիքների միջոցով ենք փորձում նոր շունչ տալ տոնածառին»,- ասաց Արամ Սուքիասյանը:
Տոնական հեքիաթն ու տրամադրությունը կամբողջականա դեկտեմբերի 19-ին՝ 19:30-ին, երբ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը: Նախորդ տարվա փորձից ելնելով՝ այս տարի ևս տոնական օրերին կգործեն Երևանի բոլոր թանգարանները, որոնք հատկապես հետաքրքրում են զբոսաշրջիկներին: «Երևան Սիթի Տուր»-ը կգործի ու կկատարի զբոսաշրջային երթ՝ Հդեկտեմբերի 20-ից՝ Հանրապետության հրապարակից: Հայրապետական թեմի հետ համատեղ կնշվի տոնածիսական համերգային ծրագրով: Նշվել է, որ տոնական բացօթյա միջոցառումներ կանցկացվեն նաև վարչական բոլոր շրջանների կենտրոնական հատվածներում:
Մայրաքաղաքում Ամանորի միջոցառումները կամփոփվեն Ազատության հրապարակում նախատեսված տոնական համերգով՝ հունվարի 13-ին՝ ժամը 19:00-ին:
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնակատարությունները կնշվեն Երեւանի վարչական բոլոր շրջաններում: Արդեն պատրաստ է միջոցառումների ծրագիրը, որը կարող եք ներբեռնել այստեղից` Yerevan. am:
Արմինե Բրսոյան