Երևանի ավագանու նիստի միջադեպի հարցով ՄԻՊ-ը դիմել է Դատախազություն
14.02.18 | 10:41
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով, այս մասին տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:
Ստացվել է պարզաբանում այն մասին, որ արդեն իսկ իրականացվում է նյութերի նախապատրաստում Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակում:
Այս մասին գրավոր տեղեկացվել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Քրեական վարույթի հարց է բարձրացվել նաև միջադեպի ընթացքում Երևանի ավագանու նիստը լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ հագած ապակյա տարաներով կոյուղաջուր բերեցին և ցանկանում էին հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պարզաբանելով, որ դա ուղարկել են Երևանի Նուբարաշեն համայնքի բնակիչները, ովքեր երկար ժամանակ ստիպված են շնչել կոյուղու գարշահոտությունը, քանի որ քաղաքապետարանը չի նորոգում «Նուբարաշեն» ՔԿՀ–ի վնասված կոյուղին։ Այնուհետև «Երկիր ծիրանի» ավագանու անդամների և Հանրապետական խմբակցության անդամների միջև ծեծկռտուք սկսվեց: