Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթի օգտագործման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշման նախագիծը:
«ՊՈԱԿ-ների մասին օրենքի համաձայն՝ նրանց գործունեությունից ստացված շահույթը օգտագործվում է իրենց կանոնադրական նպատակների իրականացման համար, սակայն, միևնույն ժամանակ, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն տրվում է միայն օրենքով սահմանված լինելու ու հիմնադրամի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում», -ասաց փոխնախարարը:
Նա ընդգծեց, որ սոցապ նախարարության մի շարք ՊՈԱԿ-ներ հնարավորություն ունեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, սակայն, քանի որ հիմնադրամի կողմից այդ ուղղությունները սահմանված չեն, չեն կարողանում իրականացնել:
«Այս փոփոխություններով մենք ուղղակի սահմանում ենք այդ ուղղությունները և նրանց հնարավորություն ենք տալիս, որպեսզի կարողանան գործունեություն ծավալել», - ասաց Արայիկ Պետրոսյանը:
Փոխնախարարն ասաց նաև, որ սահմանվում է ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթի օգտագործման կարգն՝ իր ուղղություններով:
«Եթե ՊՈԱԿ-ները էդ հնարավորությունն ունեին, ինչո՞ւ ենք իրենց սահմանափակել, երկրորդ՝ կանխատեսում ունե՞ք ինչքան ենք շահույթ ունենալու», - հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Եղած պայմաններն ու հնարավորությունները լավատեսորեն են տրամադրում, որովհետև կան իսկապես անհրաժեշտ պայմաններ», -ասաց փոխնախարարը:
Վարչապետն էլ հետաքրքրվեց՝ «ինչքա՞ն լավատեսորեն»: Արայիկ Պետրոսյանն ասաց, թե ժամանակը ցույց կտա:
«Եթե հիմա խնդիր չեք դնելու իրենց առաջ, ժամանակը ցույց չի տալու», - ասաց Կարեն Կարապետյանը: