Շտապողականություն է դրսևորվել․ խոսելով Նիդեռլանդներում Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրենքների՝ շրջանառության մեջ դրված նախագծերի ընդունման մասին լրատվամիջոցների տարածած տեղեկատվության վերաբերյալ՝ այսպես ասաց ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը:
Ըստ նրա՝ օրենքների նախագծերը խորհրդարանը չի ընդունել, դրանք կքննարկվեն երկու շաբաթ անց. ճշգրիտ ժամանակը հայտնի չէ:
«Փետրվարի 15-ին նախատեսվում էր խորհրդարանում պատգամավորական հարց ու պատասխանի ժամ, որտեղ նորից քննության առարկա պետք է լինեին Հայոց ցեղասպանությանն առնչվող նախագծերը»,- ասաց նա:
Մասիս Աբրահամյանը նշեց, որ Նիդեռլանդների խորհրդարանն ունի 2004 թվականի որոշում: Դրանից երկար ժամանակ է անցել, հիմա արդեն նոր զարգացումների պատճառով անհրաժեշտություն կա մեկ անգամ ևս վերահաստատելու, որ Նիդեռլանդները ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ ավելի ճշգրիտ, ավելի հստակ ձևակերպմամբ:
«Հիմա պահանջվում է, որ ավելի հստակ ձևակերպումներով ճանաչվի Հայոց ցեղասպանությունը: Երկրորդ որոշումն այն մասին է, որ կառավարությունը պարտավորվի անպայման այս տարի նախարարի մակարդակով ներկայացուցիչ ուղարկի Հայաստան՝ Հայոց ցեղասպանության հիշատակման օրը, և եկող տարիներին էլ, ամեն հոբելյանական հինգ տարին մեկ, նորից Հոլանդիայի կառավարությունը նախարարի մակարդակով պատվիրակություն ուղարկի Հայաստան»,- ասաց նա:
Մասիս Աբրահամյանի խոսքով՝ ինքը պարզապես կարող է գուշակել, թե ինչու տարածվեց տեղեկատվություն, որ Նիդեռլանդներում արդեն ընդունվել են օրենքի նախագծերը: Նշեց, որ իրեն հայտնել են՝ տեղեկատվությունը թուրքական աղբյուր է տարածել:
«Կարծում եմ՝ զգուշացում է, ցանկանում են, որ դրա դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկվեն: Դիտավորություն կա սրա մեջ գուցե: Կամ էլ մարդիկ պարզապես խանդավառված են»,- ասաց նա:
Մասիս Աբրահամյանի խոսքով՝ հոլանդացիները ևս իրենց հանրային հեռուստաընկերությամբ այնպես ներկայացրին, թե իբր արդեն նախագծերն ընդունված են:
«Կասկած չկա, որ կընդունվի, որովհետև նախորդ որոշումն էլ միաձայն ընդունվեց, այս դեպքում էլ քննարկումների ժամանակ հարցը քննարկել ենք, որևէ մեկի մոտ կասկած չկա այս հարցի հետ կապված: Խնդիրն այստեղ Նիդեռլանդների կառավարությունն է, որը շարունակում է օգտագործել «Հայոց ցեղասպանության խնդիր» արտահայտությունը: Մեր դժգոհությունը միայն դա է,- ասաց նա՝ նշելով, որ անգամ եթե խորհրդարանն ընդունի նախագծերը, կառավարությունը չի պարտավորվի, որ անպայման օգտագործի «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը:
«Նրանք դեռ կշարունակեն օգտագործել ցեղասպանության խնդիր բառակապակցությունը: Բայց նախարարին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ ուղարկելը և այլ քայլեր տանում են նրան, որ կառավարությունն էլ վերջնականապես ընդունի Հայոց ցեղասպանություն»:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանն առնչվող երկու նախագծերը Նիդեռլանդների խորհրդարան են ներկայացվել «Քրիստոնեական Միություն» կուսակցությունը ներկայացնող Ջոել Ֆորդևինդի կողմից:
Առաջինը կարծես Նիդեռլանդների խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման 2004 թվականի որոշման հաստատումը լինի, իսկ երկրորդը կառավարության ներկայացուցչի այցը պարտադրող որոշում, որի ընդունման դեպքում նախարարի մակարդակով այցելություն և հարգանքի տուրք է նախատեսվում Ծիծեռնակաբերդում: Հայկական լրատվաﬕջոցները, հղում կատարելով նիդեռլանդական Nltimes.nl կայքին, հաղորդել են, որ նախագծերն ընդունվել են, ինչը չի համապատասխանում իրականությանը:
tert.am