Աննախադեպ այս ծրագիրը կյանքի կոչվեց վերջին տարիներին հայտնաբերված թանակարժեք դեղն արտադրող, ճանաչված «Գիլեադ» կազմակերպության բարի կամքով։
ՀՀ առողջապահության նախարարությունը մշտապես կապի մեջ է եղել այս կազմակերպության հետ` բանակցելով հեպատիտ Ց-ով հիվանդների առավել մեծ խմբերի բուժում իրականացնելու հարցի շուրջ։
Լևոն Ալթունյանն այսօր հերթական անգամ ընդունել է «Գիլեադի» բժշկական տնօրեն Այսան Մուրթեզաօղլուին, ԱՊՀ երկրների գործադիր տնօրեն Սերգեյ Պիոնտին և պետական մարմինների հետ աշխատանքի գծով տնօրեն Ժիրայր Ռաթևոսյանին։
Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել ծրագրին աջակցելու համար և նշել, որ հեպատիտ Ց-ով հիվանդների բուժումը շարունակում է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում։ Այնուհետև ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանը ներկայացրել է առաջին 1000 հիվանդի բուժման արդյունքները, որոնք գոհացրել են դեղ արտադրող ընկերության ներկայացուցիչներին։
Լևոն Ալթունյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում հեպատիտ Ց-ի և Բ-ի ազգային գրանցամատյան ստեղծելու ուղղությամբ։ Այդ նպատակին է ուղղված հանրապետության մարզերում և Երևանում մեկնարկած սկրինինգային ծրագիրը։ Հասմիկ Ղազինյանի ղեկավարությամբ իրականացվող այս ծրագիրը հնարավորություն կտա գնահատելու երկրում հեպատիտային վարակների տարածվածությունը։ Միաժամանակ, այն կնպաստի վարակի անհայտ աղբյուրների բացահայտմանը և դրանց դեմ պայքարին։
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը, «Գիլեադ» ընկերության դեղերի առկայությունը Հայաստանի Հանրապետությունում ապահովմանը վերաբերող և այլ հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Գիլեադ» ընկերության վերջին սերնդի Հարվոնի դեղի որոշակի քանակի միանվագ ներկրման կապակցությամբ։ Այն կտրամադրվի մատչելի գնով։ Զուգահեռաբար աշխատանքներ կտարվեն այդ և այլ դեղերի գրանցման ուղղությամբ։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը, Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը։