Վերաքննիչ դատարանում շարունակվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 6 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի հերոս Սամվել Բաբայանի և «Իգլա»-ի գործով ևս երկուսի՝ Արմեն Պողոսյանի և Սանասար Գաբրիելյանի վերաքննիչ բողոքների քննությունը։
Մեղադրանքը պաշտպանում է դատախազ Արամ Արամյանը։
Այսօրվա դատական նիստին Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանն ասաց, որ Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկը հիմնավորված չէ: «Ամբողջությամբ պնդում եմ իմ վերաքննիչ բողոքը, և խնդրում եմ դատարանին Սամվել Բաբայանի նկատմամբ երկու դրվագով էլ արդարացման դատական ակտ կայացնել»:
Պաշտպանական ճառով հանդես եկավ նաև ամբաստանյալ Սամվել Բաբայանը, ով նախ դատավորին հարցրեց, թե երբ խոսում են, դա օգուտ տալի՞ս է, թե՞ ոչ:
«Կամ տալիս է, կամ չի տալիս»,-պատասխանեց դատավորը, ինչի ի պատասխան Սամվել Բաբայանն ասաց, որ լավ չէ, որ փաստերով են խոսում և դա կարող է օգուտ չտալ:
«Եթե ենթադրություններով ենք առաջնորդվում, դա վատ է, մենք օրենքը տրորում ենք, թքում ենք: Դուք խոստացաք, որ մենք ամեն մի հարցի վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իրավունք ենք ունենալու, իհարկե, պետական մեղադրողը(նկատի ունի մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին,-խմբ) դրան դեմ է, որովհետև իրեն ձեռք չի տալիս, ձեզ էլ հորդորում է, որ ոչ թե գործը պետք է վարույթ ընդունեիք, այլ հետ ուղարկեիք, ձեր տեղն էլ է որոշում: Իմ մոտ տպավորություն է ստեղծվել, որ պետական մեղադրողը որ հարցին դեմ է, ուրեմն պետք է ընդունել իր կարծիքը»,-ասաց Սամվել Բաբայանը:
Դատարանն ընդհատեց նրան և ասաց, որ մինչ այս պահը չի եղել որևէ միջնորդություն, որ դատարանը քննության չառնի և լուծում չտա.«Երևի ձեր միջնորդությունների 90 տոկոսը բավարարվել է»,-ասաց դատավորը:
Սամվել Բաբայանն ասաց, որ ինքը մեղավոր չէ, դատարանին ներկայացված ձայնագրությունը կոնտեքստից կտրված է.«Երկու տեղ գրել են՝ չի լսվում, ինչ անեի՝ գոռայի, որ լավ գաղտնալսեին: Ես մեղավո՞ր եմ, որ ձայնագրողները չեն կարողացել նորմալ ձայնագրել: Կես ժամ խոսել եմ Սանասար Գաբրիելյանի հետ, երկու րոպե են լսել ու տվել,կոնտեքստից կտրել են, և փորձում են դրանով հաստատել իրենց մեղադրանքը:
Ես ուզում եմ, խնդրում եմ, հորդորում եմ, որ որոշում կայացնելու համար այդ ձայնագրությունը Դուք ձեզ համար լսեք»:
Բացի այդ, Բաբայանը նշեց, որ նոր փաստական հանգամանք է ի հայտ եկել և Վրաստանի իրավապահների կողմից կալանավորված, այնուհետև Հայաստան տեղափոխված Ռոբերտ Աղվանյանն ասել է, որ «Իգլա»-ն Վրաստանից չի բերել, խաբել էր, որ թանկ վաճառի, իսկ Սամվել Բաբայանին չի ճանաչում:
«Նա ասաց, որ պարոն Բաբայանը ոչինչ չի արել, պարզ ասեց, որ ինքն է որոշել, որ վաճառի, և մոտ 25000 դոլարով, թե պետական մեղադրողը որտեղի՞ց է վերցրել այդ 50000-ը իրենք կասեն: Ես ձեզանից խնդրում եմ արդար փաստերը դնել, հետևել, հետո վճիռ կայացնել, ինչ վերաբերում է դրան, որ պետական մեղադրողն առաջին ատյանը համարում է հիմնավոր, դա արդեն իրենց խնդիրն է»,-ասաց Բաբայանը:
Արմեն Պողոսյանը և նրա պաշտպանը ևս դատարանին խնդրեցին արդարացման դատական ակտ կայացնել:
Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը նախ խնդրեց նստած խոսել, հայտնելով, որ ճնշումը բարձր է. « 170 է, կարող եք չափել, լուրջ եմ ասում»:
Ամբաստանյալը հիշեցրեց, որ երկու անգամ դատարանի կողմից նախազգուշացվել է այն բանի համար, որ լուրջ չի վերաբերում դատական նիստին.«Հիմա բացատրեմ, թե ինչու լուրջ չեմ վերաբերվում կամ ուրախանում եմ: Իսկ ինչո՞ւ չուրախանամ: Բոլորս գիտենք, որ բառերի միացումից դառնում է նախադասություն, նախադասություններն էլ, որ կցում ես իրար, դառնում է Գյուլնազ տատու մի լավ հեքիաթ: Էս ինչո՞ւ են սարքում, թող պարզ կանգնեն, ասեն, որ Էջմիածին շտաբ բացելու համար դու մեղադրվում ես չգիտեմ որ օրենքով: Սիրտս վատ է, դուրս գամ, կարելի՞ է դուրս գալ»:
Դատարանը նախ նկատեց՝ շոու մի սարքեք, իսկ հետո 30 րոպեով ընդմիջեց նիստը ու հրավիրվեց շտապօգնություն:
Հիշեցնենք, որ դատապարտյալ Սամվել Բաբայանը առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով:
Նա պահանջում է արդարացնել իրեն՝ արդարացման դատական ակտ կայացնել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Դատապարտյալ Սանասար Գաբրիելյանը, ով մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և դատապարտվել 3 տարի ազատազրկման, պահանջում է իրեն անպարտ ճանաչել:
2 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Պողոսյանը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռն ու կայացնել արդարացման որոշում:
Նշենք, որ գործով անցնում էին ևս չորս ամբաստանյալ: Առաջին ատյանի դատարանը Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ ՔՕ-ի 38-190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու համար: Նրանց պատիժը պայմանականորեն չի կիրառվի:
tert.am
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03