Հայաստանի կառավարությունը դեռ մտադիր չէ ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցել, քանի դեռ կա աշխատող էներգաբլոկ
21.03.18 | 17:16
Հայկական ատոմակայանը ի զորու է շարունակել իր աշխատանքը որոշակի արդիականացման և ախտորոշիչ աշխատանքներ կատարելուց հետո, այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության հարցապնդման ժամանակ հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածնքերի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին։
Պատգամավորը հետաքրքրվում էր նոր ատոմակայանի կառուցման ճակատագրից։
Նշենք, որ կառավարությանն ուղղված ԱԺ «Ելք» խմբակցության հարցապնդում վերաբերում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների վերջին տասը տարիների ֆինանսա-տնտեսական գործունեության արդյունքներին.
«Արդիականացման աշխատանքներից հետո մասնագետները կարող են որոշել, թե որքան կյանք կարող է ունենալ և որքան կարող է շահագործվել ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը», - հայտարարեց նախարարը։
Անդրադառնալով հարցին, թե երբ է կառուցվելու նոր էներգաբլոկը, կառավարության ներկայացուցիչը արձագանքեց. «Որքանո՞վ է նպատակահարմար կառուցել նոր էներգաբլոկ, եթե ունենք գործող էներգաբլոկ, որը անխափան ու անվտանգ շարունակում է աշխատել։ Միջուկային տեխնոլոգիաները աշխարհում չափազանց արագ զարգանում են, եթե հինգ տարի առաջ ունեինք այլընտրանք երկու տարբեր տեխնոլոգիաների միջև, ապա այժմ ունենք հինգ այլընտրանք, որոնցից յուրաքանչյուրը շատ ավելի էժան է, շատ ավելի հուսալի։ Հետևաբար կառավարության որոշումը եղել է հստակ՝ շահագործել գործող էներգաբլոկը այնքան ժամանակ, որքան ռեսուրս այն ունի և շահագործման ժամկետը որոշելուց հետո որոշում ընդունել՝ ինչ տեխնոլոգիայով ու երբ կառուցել նոր էներգաբլոկը»։
aysor.am