Վտանգավոր ոլորտները նույնն են գրեթե բոլոր երկրների համար. խաղալիքներ և կոսմետիկ միջոցներ. Լևոն Խալիկյան
06.04.18 | 13:08
Երևանում մեկնարկած ԱՊՀ անդամ երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստի միակ խնդիրն է կարողանալ սպառողներին զերծ պահել վտանգավոր ապրանքներից, նիստի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը։
«Խորհրդի հիմնական խնդիրը սպառողի շահերի պաշտպանությունն է։ Յուրաքանչյուր պետություն կներկայացնի առկա խնդիրները, դրանց վերաբերյալ լուծման առաջարկություններ։ Քննարկում ենք, թե որ ապրանքներն են շրջանառվում, որոնք են համարվում ցանկալի, որոնք՝ անցանկալի, ներկայացնում ենք իրավիճակը, միասին քննարկումներ իրականացնումч հաշվի առնելով յուրաքանչյուր անդամ պետության օրենսդրական դաշտը», - ասաց Խալիկյանը։
Նրա խոսքով՝ առաջնային խնդիրներ ներկայացնողներն այն ապրանքատեսակներն են, որոնք անմիջական շփում ունեն մարդու կյանքի և առողջության հետ։
«Վտանգավոր ոլորտները նույնն են գրեթե բոլոր երկրների համար։ Դրանք խաղալիքներն են, կոսմետիկ միջոցները, գազալցակայանները և բոլոր այն ապրանքները, որոնք կարող են մարդու կյանքին վտանգ սպառնալ։ Պետք է լուծումներ առաջարկենք, որպեսզի ապահովագրվենք տվյալ վտանգավոր ապրանքների ներմուծումից, ինչպես նաև հեռու մնանք վտանգավոր ապրանքների արտադրությունից», - ընդգծեց Լևոն Խալիկյանը։
Նա նշեց նաև, որ հանդիպումներում փորձում են յուրաքանչյուր երկրի օրենսդրական դաշտը կարգավորել այնպես, որ յուրաքանչյուր սպառողի փորձեն հեռու պահել վտանգավոր ապրանքներից և անորակ ծառայությունների մատուցումից։
Երևանում մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների Սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստը։
Նիստին մասնակցում են ՌԴ, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի սպառողների շահերի պաշտպանության ոլորտի պետական և հասարարական կազմակերպությունների ղեկավարներ։