Grenke Сhess Сlassic. Արոնյանն ու Կարլսենը շարունակում են կես միավոր զիջել առաջատարներին
07.04.18 | 13:15
Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 6-ին տեղի ունենցան 6-րդ տուրի պարտիաները: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով 52-րդ քայլում ոչ ոքի խաղաց աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
Մրցաշարային աղյուսակը գլխավորող 3 գրոսմայստերները եւս ոչ ոքիով ավարտեցին իրենց պարտիաները: Արոնյանը եւ Կարլսենն ունեն 3.5-ական միավոր եւ բաժանում են 4-5-րդ տեղերը՝ կեսական միավոր զիջելով առաջատարներին:
Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել գերմանացի Գեորգ Մեյերի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, չինուհի Հոու Յիֆանի եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, ինչպես նաեւ սպիտակներով հաղթել էր Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին։ Ապրիլի 7-ին կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի ռուս Նիկիտա Վիտյուգովի հետ:
Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:
Grenke Сhess Сlassic, 6-րդ տուր
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5
Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Հոու Յիֆան (Չինաստան)՝ 0.5:0.5
Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Արկադի Նայդիչ (Ադրբեջան)՝ 0:1
Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Վաշյե-Լագրավ, Կարուանա, Վիտյուգով՝ 4-ական միավոր, Կարլսեն, Արոնյան՝ 3.5-ական, Բլյուբաում՝ 3, Նայդիչ՝ 2.5, Անանդ, Յիֆան՝ 2-ական, Մեյեր՝ 1.5: