Հայաստանի ոռոգման համակարգը կարելի է ընդգրկել Գինեսի գրքում՝ որպես ամենաշատ վարկ կերած համակարգ. Նաիրա Զոհրաբյան
11.04.18 | 16:12
Արմավիրի մարզում ոռոգման համակարգի բարելավման և 150.3 կմ ջրագիծ կառուցելու համար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 2 մլն դոլար վարկային լրացուցիչ միջոցներ ստանալու մասին կառավարության նախաձեռնությունը մտահոգել էր ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։
Այսօր Ազգային ժողովում վարկային նոր համաձայնագրի քննարկման ժամանակ նա հայտարարեց, որ գյուղացիական հողերի ոռոգման անվան տակ Հայաստանը աստղաբաշխական թվերով վարկեր է ստացել ու այդ միջոցներով մի այնպիսի ոռոգման համակարգ էր հնարավոր կառուցել, որը ընդգրկված կլիներ Գինեսի գրքում՝ «որպես ամենաշատ վարկ կերած և անարդյունավետ վարկ ծախսած համակարգ»։
«Երբ հարցնում ես՝ վարկերն ինչերի՞ վրա եք ծախսելու, պատասխանում են՝ լավ բաների վրա։ Հարգարժան կառավարության ներկայացուցիչ, մեր տառապանքը փորձ ունի, այս խորհրդարանում տեսել ենք, թե ինչպես լավ նպատակների անվան տակ փոշիացել են հսկայական գումարներ, թե ինչպես լավ նպատակների անվան տակ հազարամյակների մարտահրավերներ ծրագրով 16 մլն դոլար ծախսվեց ինչպես ցանել, տնկել կարտոֆիլը թեմայով լոլոներ կարդալու համար, մենք տեսել ենք, թե ինչպես հսկայական վարկային միջոցներ թալանվել ու փոշիացվել են», - հայտարարեց Զոհրաբյանը։
Նա տեղեկացրեց, որ առաջիկայում «Ծառուկյան» խմբակցությունը ստեղծելու է Քննիիչ հանձնաժողով՝ ստուգելու, թե «լավ նպատակներով» անվան տակ որքան վարկային միջոցներ են բերվել Հայաստան, ծախսվել, ինչքանն է գողացվել, թալանվել։
Aysor.am