Հռետոր լինել, լավ հեղինակություն ունենալ, դեռ չի նշանակում լավ բանակցող լինել. Կարեն Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին
27.04.18 | 19:35
Չգիտեմ Նիկոլ Փաշինյանը բանակցային մեծ փորձ ունի, թե չէ, բայց ես հետաքրքիր բանակցային փորձ ունեմ, «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը` պատասխանելով այսօր
Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե Կարապետյանը հրաժարվեց բանակցություններից, քանի որ վստահ չէ իր ուժերին:
«Առ այսօր ես բանակցային պրոցեսներում պարտություն չեմ ունեցել», - ասաց Կարապետյանը` հավելելով. «Հռետոր լինել, լավ հեղինակություն ունենալ, դեռ չի նշանակում լավ բանակցող լինել»:
Խոսելով իր այն հայտարարության մասին, որ նման բանակցությունները հեռանկարային չեն՝ Կարապետյանն ասաց, որ երբ մի կողմը ցանկանում է միայն ինքը օրակարգ թելադրել և չլսել դիմացինին, դժվար է դա բանակցություն անվանել:
«Բանակցությունները հեռանկարային են այն դեպքում, երբ կողմերը մեկը մյուսին լսելու, մեկը մյուսի դիրքորոշումն ըմբռնելու ցանակություն ունեն: Հետո իրենք կպայմանավորվեն՝ ճկուն կլինեն բանակցություններում, թե չէ, դա արդեն գործընթաց է, բայց երբ հայտարարվում է, որ օրակարգը դա է, և մյուս կողմը իրավունք չունի ձևավորել օրակարգ, դա արդեն բանակցություն չէ, չգիտեմ՝ ինչ բան է», - ասաց Կարապետյանը: