Երկար ժամանակ է` երազում էի դառնալ Եվրոպայի չեմպիոն. Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյան
29.04.18 | 11:45
Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում ընթացող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում մեր հայրենակից Ֆերդինանդ Կարապետյանն, ինչպես հայտնի է, 73 կգ քաշային կարգում նվաճել է չեմպիոնի տիտղոսը:
Մեր մարզիկը վճռորոշ գոտեմարտում հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Հիդայատ Հեյդարովին, իսկ Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո կիսվել է տպավորություններով.
«Շնորհակալ եմ շնորհավորանքների համար:
Երկար ժամանակ է` երազում էի այս հաղթանակի մասին և հիմա ես Եվրոպայի չեմպիոն են: Այսօր պայքարում էի միայն ոսկե մեդալի համար: Քրտնաջան մարզվել եմ և դեռ շատ աշխատանք ունեմ անելու:
Անկեղծ ասած` մենք այնքան մեծ աշխատանք էինք կատարել, որ չէի կարող պատկերացնել, թե այսօր հնարավոր է պարտվեմ: Շատ հպարտ եմ, որ նվաճել եմ այս մեդալն իմ երկրի` Հայաստանի համար, և ցանկանում եմ այն նվիրել իմ հայրենիքին»,- ասել է Ֆերդինանդ Կարապետյանը:
Նշենք` Ֆերդինանդը կրկնել է հայ անվանի ձյուդոիստ Արմեն Նազարյանի ցուցանիշը, ով 2005 թվականին դարձել էր Եվրոպայի չեմպիոն` դառնալով այս տիտղոսը նվաճած առաջին հայ ձյուդիոիստը:
Արմեն Նազարյանը, ով այժմ մեր ընտրանու գլխավոր մարզիչն է, ևս մեկնաբանել է Ֆերդինանդ Կարապետյանի հաղթանակը.
«Ֆերդինանդն, իսկապես, քրտնաջան աշխատում էր: Այսպիսի մրցաշարում հաղթելու համար պետք է օրուգիշեր լրջորեն պատրաստվես: Շատ հպարտ եմ Ֆերդինանդով, մեր թիմով և մեր նվաճմամբ: Առավոտյան, երբ եկանք մրցավայր, Ֆերդինանդն ասաց, որ իրեն հիանալի է զգում և պատրաստ է հաղթել»:
Նշենք` 73 կգ քաշային կարգում հանդես էր գալիս նաև Արսեն Ղազարյանը, որին մի փոքր չի բավականացրել բրոնզե մեդալ նվաճելու համար և նա գրավել է 5-րդ տեղը:
81 կգ քաշային կարգում էլ հանդես էր գալիս Հայաստանի մյուս ներկայացուցիչ` Վարդան Խաչատրյանը, ով սակայն պարտություն է կրել և դուրս մնացել հետագա պայքարից:
Հավելենք, որ առաջնությանը մասնակցում էր 44 երկրի 368 մարզիկ՝ 215 ձյուդոիստ և 153 ձյուդոիստուհի: