Հայաստանի պես սակավապաշար երկրի համար բնության ու բնապաշարների նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի չափազանց սրտացավ ու հաշվենկատ: Մինչդեռ պատկերը հակառական է, քանի որ մեր երկրի հանքավայրերը, առհասարակ՝ ընդերքը պարզապես կեղեքվում է և անխնա շահագործման հետևանքով մեծ վնաս է հասցվում պետությանն ու հարակից միջավայրին, բնակչությանը, իսկ այդ ամենի արդյունքում հարստանում են մատների վրա հաշված արտոնյալներ: Թեման իսկապես ազգային անվտանգության մակարդակի հարց է, քանի որ խոսքը ոչ միայն երկրի բնական ռեսուրսների, ազգային հարստության մասին է, այլ նաև բնապահպանական, ժողովրդագրական, առողջապահական լրջագույն մարտահրավերների: Փակ հանքավայրերի բաց շահագործումը արդեն մեծ խնդիրներ է հարուցել տվյալ համայնքների բնակչության շրջանում, բնապահպանները մշտապես բարձրաձայնում են տարբեր հանքավայրերի անթույլատրելի շահագործման մասին, վերջերս արդիական է դարձել Ամուլսարի խնդիրն ու բազմաթիվ այլ հիմնահարցեր՝ կապված տվյալ ոլորտի հետ:
Այս ամենը մշտապես եղել է ոչ միայն բնապահպանների, մասնագիտական շրջանակների, այլ նաև քաղաքական գործիչների ամենօրյա ուշադրության կենտրոնում: Ռազմավարական նշանակության հիմնախնդրի վերաբերյալ հերթական անգամ իր մտահոգությունն արտահայտեց Օրինաց Երկիր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Բազմափորձ պետական գործիչը Մայիսի 21-ին Կենտրոն հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ պետք է լրջորեն ուսումնասիրվեն ոլորտում եղած չարաշահումները, պատասխանատվության կանչվեն մեղավորները և երկրից ու պետությունից թալանվածը վերադարձվի պետական գանձարան.
Տեսանյութ - Արթուր Բաղդասարյան, Ուրվագիծ, 21.05.2018
Հատկանշական է, որ այս խնդրի մասին ՕԵԿ առաջնորդը խոսել է բազմաթիվ անգամ, նույնիսկ այն տարիներին, երբ զբաղեցնում էր պետական բարձր պաշտոններ: Եվ ահա հետաքրքիր զուգադիպությամբ Բաղդասարյանի թեզը ՝ նրա վերջին հայտարարությունից մեկ օր անց կրկնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով երկրի առաջ ծառացած բնապահպանական հարցերին՝ կառավարության եղակավարը նշեց, որ համապատասխան տեսչական մարմնին հանձնարարարելու է առաջիկա օրերին ստուգումներ սկսել Հայաստանում շահագործվող բոլոր մետաղական հանքերում:
Տեսանյութ – Նիկոլ Փաշինյան, 22.05.2018
Անկախ ամեն ինչից, մեկ բան աներկբա է, որ խնդիրը պետք է լինի ընդհանուր՝ համապետական ու համազգային ուշադրության կենտրոնում, որպեսզի ստեղծված իրավիճակում ժողովրդի վստահությունը վերջնականապես չսպառվի, իսկ մենք մեր ոչ պատվախնդիր կեցվածքով երկիրը չտանենք վերջնական կործանման…