Համառոտ, սակայն սկզբունքային շեշտադրումներով. կառավարության նոր ծրագիրն այսպես բնորոշեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում տնտեսագետը նշեց, որ ծրագրում առկա են բոլոր այն սկզբունքային մոտեցումներն ու հիմնադրույթները, որոնք ակնկալվում էին:
«Ավելի նախընտրելի ու ազնիվ եմ համարում թիրախները, խնդիրները կարճ ձևակերպելը, որոնք կառավարությունը համարում է առավել կարևոր, քան նշել այնպիսի խնդիրներ, որոնց լուծումը կամ իրատեսական չէ, կամ երբևէ իրականություն չի դարձել: Առանց բացառության բոլոր կառավարություններն էլ չեն ունեցել այնպիսի ծրագրեր, որոնցում լինեին վատ, տնտեսությանը վնասող դրույթներ, բայց ի սկզբանե վստահ եմ, որ հեղինակներն առանձնապես մեծ հավատ չեն ունեցել, որ դրանք կարող են իրագործվել»,-ասաց Թաթուլ Մանասերյանը:
Անդրադառնալով կառավարության նոր ծրագրին՝ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ այն նպատակ ունի մոբիլիզացնել հանրությունը իրականացնելու հենց հանրության առջև ծառացած խնդիրները: Ծրագրի տնտեսական հատվածից տնտեսագետն առանձնացրեց հիմնական ուղղությունները՝ գյուղատնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը: Նրա կարծիքով, գյուղատնտեսության ոլորտը պետք է առանձնացված ներկայացնել և գերակա համարել այն առումով, որ մեր բնակչության զգալի մասն ապրում է գյուղական վայրում, իսկ այդ ոլորտում այս տարիների ընթացքում որևէ հիմնարար խնդիր չի լուծվել: Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ այս ոլորտը պետք է թիրախավորել և՛ տնտեսության զարգացման, և՛ ազգային մրցակցային առավելությունները բացահայտելու, և՛ սոցիալական խնդիրներ լուծելու առումով: Նա կարևոր համարեց նաև ագրարային քաղաքականության համապարփակ հայեցակարգ մշակելը:
«Ինչ վերաբերում է հաջորդ ոլորտներին, ապա, կարծում եմ, զբոսաշրջությանը չպետք է թեթև մոտենալ, որովհետև այն իր մեջ ներառում է բազմաթիվ ոլորտներ, որոնք հենց զբոսաշրջության միջոցով կարող են հնարավորություն ընձեռել իրացնելու Հայաստանի մտավոր կարողությունը, օրինակ, կրթական, առողջապահական տուրիզմ և այլն: Էլ չեմ խոսում տեղեկատվական տեխնոլոգիաների մասին, որովհետև առանց դրանց շարունակական զարգացման չենք կարող պատկերացնել տնտեսության զարգացումը: Այն մի ոլորտ է, որտեղ իսկապես հասել ենք հաջողության, բայց եթե մեկ օր ետ ընկնենք, ապա մեր մրցակիցներն առաջ կանցնեն»,-ասաց տնտեսագետը:
Խոսելով վերջին շրջանում տարբեր ոլորտներում ԱԱԾ-ի կողմից արված բացահայտումների մասին՝ տնտեսագետը նշեց, որ ուզում է հավատալ, որ դրանք խոր հիմքեր ունեն և շատ ավելի լուրջ են: Թաթուլ Մանասերյանը կողմնակից է նրան, որ բացահայտումները լինեն բոլոր ոլորտներում և ջրի երես հանեն իրական կատարողներին:
«Շատ եմ երկրպագում նոր կառավարությանը, ուզում եմ, որ հաջողեն, սակայն հետադարձ կապի բացակայությունը չի կարող նպաստել մեր ընդհանուր գործին: Այո, կառավարության ծրագիրը համառոտ է, բայց յուրաքանչյուր նախարարություն իր մասով պետք է այն մատչելի ձևով մանրամասնի, ներկայացնի, թե ինչ են ուզում անել և ամեն ամիս հաշվետվություն տա: Ես վստահ եմ, որ հայության մասնագիտական ներուժն ավելի քան բավարար է ի հայտ եկած այդ խնդիրները լուծելու համար»,-ասաց նա:
Թաթուլ Մանասերյանը նշեց, որ Հայաստանը պարտավոր է երկնիշ թվով տնտեսական աճ ունենալ: Նա նկատեց, որ ոմանց մոտ այդ առումով թերահավատություն կա, բայց պետք է դիտարկել Արցախի օրինակը, որը պակաս ռիսկերի տակ չէ, սակայն 2017 թվականին ունեցել է 15 տոկոս տնտեսական աճ:
«Մենք պարտավոր ենք դրա կրկնակին ապահովել, և դրա բոլոր հիմքերը կան: Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, դա մեր հաշվարկներն են, ճիշտ թիրախավորված, բազմակողմանի աշխատանքի արդյունքում Հայաստանում առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում կարելի է հասնել աշխատատեղերի ավելցուկի: Դրա համար աշխատանքները պետք է լինեն տարբեր ուղղություններով՝ հարկային, մաքսային համակարգ, իրատեսական ծրագրեր, տարբեր ոլորտներում մրցակցային առավելությունների վերհանում, ստվերային տնտեսության դեմ պայքար, կոռուպցիա, որը հզորագույն խնդիր է: Եթե հաջողեցինք, համագործակցություն ունեցանք, ապա, կարծում եմ, շատ հարցեր իրենց լուծումը կստանան: Դրան էլ հավելենք, որ Հայաստանը լավ հարաբերությունների ունի Ռուսաստանի, ԵՄ-ի, Իրանի հետ: Սա լավ ալիք է, որը պետք է օգտագործել»,-հավելեց տնտեսագետը:
Մայիսի 31-ին կայացած կառավարության նիստում գործադիրը հաստատեց նոր ծրագիրը: Այն Ազգային ժողովի արտահերթ նիստում կներկայացվի հունիսի 7-ին:
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03