Այս տարվա նշանակալի իրադարձություններից է դառնալու արքայազն Վիլյամի և Քեյթ Միդլթոնի որդու՝ արքայազն Լուիի մկրտությունը։ Հիշեցնենք, որ երեխան լույս աշխարհ է եկել ապրիլի 23-ին, իսկ կնքելու են նրան հուլիսի 9-ին, Լոնդոնում, Սեյնթ–Ջեյմսի պալատի տարածքում գտնվող եկեղեցում։
Մկրտության բուն արարողությունը կատարվում է հատուկ ոսկեջրված ավազանում, որը օգտագործվում է դեռևս 1841 թվականից։
Վիկտորյա թագուհու ժամանակներից է նաև գալիս թագավորական ժառանգներին հատուկ վերնաշապիկով կնքելու ավանդույթը, որն ավելի շատ պարահանդեսային զգեստ է հիշեցնում։ Առաջին անգամ փղոսկրի գույնի այս հագուստը պատրաստվել է 1841 թվականին՝ թագուհու հարսանեկան զգեստից ավելացած ժանյակների օգտագործմամբ։
Ժամանակի ընթացքում այն մաշվել և գունաթափվել է և 2008 թվականին Եղիսաբեթ II –ը որոշում է կայացրել կարել տալ դրա կրկնօրինակը։