Այսօր Ազատության հրապարակում տեղի է ունենալու բողոքի ակցիա, որի ժամանակ քաղաքացիները պահանջելու են դադարեցնել «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի ապամոնտաժման աշխատանքները:
Հիշեցնենք, որ օրերս ճարտարապետ, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր Անահիտ Թարխանյանն իր մտահոգությունն էր հայտնել օդանավակայանի հին մասնաշենքի քանդման աշխատանքների սկսման վերաբերյալ:
168.am-ի հետ զրույցում Ա. Թարխանյանը նկատեց, որ 2001 թվականից գործարար Էդուարդո Էռնեկյանին տրվել է աննախադեպ իրավունք՝ կառավարելու օդանավակայանի համալիրը, և այս ընթացում, Ա. Թարխանյանի խոսքով, միակ պայմանը, ինչ Էռնեկյանի առջև դրված էր, այն էր, որ նա պարտավոր էր արդիականացնել և վերանորոգել օդանավակայանը՝ համապատասխան ժամանակակից նորմատիվների համաձայն:
«Ստանալով աննախադեպ արտոնյալ պայմաններ Կառավարությունից, որ նույնիսկ Կառավարությունը պատրաստ էր օրենսդրական դաշտը փոխել և օրենքներն արդիականացնել, որպեսզի Էռնեկյանը կարողանա ավելի լավ կառավարել օդանավակայանը, դրա դիմաց մենք տեսնում ենք, որ օդանավակայանի որևէ արդիականացում տեղի չի ունեցել: Խոսում եմ հիմնականում կլոր շենքի մասին. դրա փոխարեն՝ կառուցվել է նոր սեփական շենք, իսկ պետական օդանավակայանը պարզապես լքվել է և 10 տարի շարունակ թողնվել է թալանի: Այդ ընթացքում բազմաթիվ անգամ հավաքվել են հայ և միջազգային ճարտարապետները, բոլորը բարձաձայն, միաձայն արտահայտվել են այն մասին, որ օդանավակայանը համաշխարհային արժեք և նշանակություն ունեցող շենք է, ու պարտադիր է պահել»,- նշեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ Էռնեկյանի կողմից բերվող փաստարկները, թե օդանավակայանը վատ վիճակում է, բացարձակապես սուտ են, ինչպես նաև սուտ են այն խոսքերը, թե չի կարելի շենքն արդիականացնել: Նա նշեց, որ վերջին ամիսներին շենքի արդիականացման նախագիծ են կազմել ու հանձնել են Կառավարությանը և Էռնեկյանին: Ա. Թարխանյանի խոսքով՝ այդ նախագիծն Էռնեկյանի կողմից անտեսվեց:
«Մեր վերջին հանդիպումը նախարարի և քաղաքապետարանի հետ ավարտվեց նրանով, որ քաղաքապետարանը և նախարարությունը համատեղ կփորձեն հարցը կարգավորել, և կկազմակերպեն հանդիպում Էռնեկյանի նախագծային խմբի հետ: Քառօրյա պատերազմից հետո մենք բոլորս արդեն այն համոզմունքին էինք, որ այդ հարցը լուծված է, սպասում էինք, որ Էռնեկյանն օր նշանակի հանդիպման համար: Մյուս կողմից՝ այս պատերազմը բոլորին կարծես ապացուցեց, թե ինչպիսի վտանգավոր գոտում է գտնվում Հայաստանը, և, երբ այդ քանդումը սկսվեց, ինձ մոտ այն տպավորությունն էր, որ կարծես թե ժողովրդի մեջքին հարվածեին»,- կարծում է Ա. Թարխանյանը:
Նա Է. Էռնեկյանի քայլը գնահատում է ինքնանպատակ: Ըստ նրա՝ դա հանցավոր գործողություն է. «Ես չգիտեմ՝ ինքն ինչպիսի հայ է, հայի ազգանուն կրելը հայ լինել չի: Էռնեկյանն Արգենտինայի չակերտավոր բիզնեսմեն է, որը հանցավոր գործողություններ է անում Հայաստանում, ինձ պարզ չէ՝ ինչ է, դրա հետ մեկտեղ՝ մենք գտնում ենք, որ պետք է գնալ Արգենտինայի դեսպանատան մոտ և ասել, որ՝ ձեր քաղաքացին ապօրինի և անօրինական գործողություն է անում Հայաստանում, շատ մեծ վնաս է հասցնում երկու ժողովուրդների բարիդրացիական և բարեկամական հարաբերություններին, պահանջում ենք, որ իր գործողություններով առաջին հերթին՝ զբաղվի Դատախազությունը»:
– Ի՞նչ կարող է անել Արգենտինայի դեսպանատունը, եթե թույլտվությունը տվել է Հայաստանի իշխանությունը, ու այդ գործընթացը Հայաստանում է տեղի ունենում:
– Ամեն մեկն իր տեղում պետք է իր պատասխանը տա իր գործողությունների համար: Պետական ատյանները, ովքեր հնարավորություններ են տվել, որ այդ բարբարոսությունը տեղի ունենա, պետք է իրենց հերթին՝ պատասխանատ տան, Էռնեկյանը՝ իր հերթին, ամեն ինչ՝ իր ժամանակին:
– Փաստորեն, կառավարությունը չի կատարել իր այն խոստումը, որ հանդիպում կազմակերպի Ձեր և Էռնեկյանի նախագծային խմբի հետ: Երբ ապամոնտաժման աշխատանքներն օրերս սկսվել են, Դուք որևէ կերպ դիմե՞լ եք կառավարությանը կամ այլ պատկան մարմիններին:
– Այո, ես հանդիպել եմ քաղաքի գլխավոր ճարտարապետի հետ և քաղաքաշինության նախարարի հետ: Նախարարը, իրոք, դեմ է օդանավակայանի քանդմանը, գլխավոր ճարտարապետը՝ դեմ լինելով, այնուամենայնիվ, փորձում է բացատրություն տալ, բայց թե՛ կառավարությունում, թե՛ հանրային տարածքում ում հետ ես հանդիպել եմ, բոլորն ամենանեգատիվ ձևով են արտահայտվել օդանավակայանի քանդման վերաբերյալ:
– Եթե դեմ են, ինչո՞ւ չեն միջամտում:
– Ես մենակ եմ, և ակնկալում եմ, որ հանրային, քաղաքացիական ներկայացուցիչները, ամեն մեկն իր հերթին, կփորձի ձայն բարձրացնել և պահել մեր մշակութային արժեքները: Դա մեծագույն հանցանք է:
– Նշում եք, որ նախարարն էլ է դեմ արտահայտվել, մի՞թե ինքը չունի իրավասություն միջամտելու, ինչո՞ւ չի միջամտում, ինչպե՞ս է նա պարզաբանում այս գործընթացը:
– Ես դժվարանում եմ ասել, որովհետև հարցերը բարձրացրեցին, ինքն ասաց, որ կփորձի միջամտել, ազդել որոշման վրա, բայց երևում է՝ Էռնեկյանի վրա ազդելը շատ դժվար է: Ինքը փորձում է իրեն ներկայացնել՝ ինչպես մեծահասակ և կամավոր մի բիձուկի, և դրանով է բացատրում իր շարժումներն ու գործողությունները, բայց ես գտնում եմ, որ ինքը շատ պայծառ ուղեղ ունեցող ցինիկ բիզնեսմեն է, որը շատ լավ գիտի՝ ինչ է անում, պարզապես բացատրություն չունի օրենսդրական դաշտի մեջ իր գործողությունների, դրա համար փորձում է ներկայացնել, թե ինքը կամակոր, տարիքն առած մեծահասակ մարդ է:
– Ուրիշ ի՞նչ միջոցներով եք պատրաստվում պայքարել, որ այդ ապամոնտաժումը տեղի չունենա:
– Արգենտինայի դատախազություն ենք հանձնելու մեր բողոքն Էռնեկյանի դեմ: Պետք է ամեն ինչ անենք: Բոլորը պետք է ձայն բարձրացնեն, պետք է դիմենք Դատախազություն, տարբեր օրենսդրական մարմիններ՝ պահանջենք, որ կասեցնեն քանդման աշխատանքները:
– ՀՀ Ազգային Ավիացիոն միավորումը նույնպես ձեր պահանջին միացել է: Ուրիշ ի՞նչ կազմակերպություններ են ձեզ միանում:
– Ճարտարապետների միությունը պետք է արտահայտվի, եթե չեմ սխալվում, արդեն շատ կտրականապես դատապարտելով այդ գործողությունները: Ես գիտեմ, որ Հանրային խորհրդում շատ վրդովված են և նույնպես հայտարարություն են պատրաստում, ու կոչ եմ անում, որ բոլոր հասարակական և հանրային միավորումները հանդես գան, իրենք գնահատականը տան, թե ինչ է տեղի ունենում «Զվարթնոց» օդանավակայանի հետ: