Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Միացյալ Թագավորությունում տակավին վերջերս ընկերություն է հիմնել, գրում է «Հետքը»:
2004-2013 եւ 2014-2016 թթ. Սյունիքը ղեկավարած Խաչատրյանը օրեր առաջ՝ նոյեմբերի 7-ին, հուշագիր է ստորագրել իր գործընկեր Էբի Քինգ Խավաջայի (Abbey King Khawaja) հետ «Sunik Investments Limited» ընկերություն հիմնադրելու մասին: ՍՊԸ-ն գրանցվել է նոյեմբերի 8-ին: Ընդամենը 100 ֆունտ կանոնադրական կապիտալով ընկերության սեփականատերերը 50-50 համամասնությամբ Խաչատրյանն ու Խավաջան են, ովքեր գրանցվել են նաեւ որպես տնօրեններ: Քարտուղարն էլ Ալան Պետեր Հովարդն է (Alan Peter Howard):
Հետաքրքիր է, որ եթե ընկերության փաստաթղթերում Խաչատրյանի դիմաց նշված է Հայաստանի, իսկ Խավաջայի դեպքում՝ բրիտանական (ՄԹ) քաղաքացիության մասին, ապա բնակության երկիրը երկուսի պարագայում էլ նշված է Միացյալ Թագավորությունը:
«Sunik Investments Limited»-ը գրանցված է Անգլիայի Դորսեթ կոմսության Ֆերնդաուն քաղաքում (8 Lynwood Close, Ferndown, Dorset, England, BH22 9TD): Քանի որ ընկերությունը նոր է գրանցվել, շատ բան դրա մասին դեռ հայտնի չէ:
Այդուհանդերձ, սա Ս. Խաչատրյանի առաջին ընկերությունը չէ Միացյալ Թագավորությունում: 2016-ի հոկտեմբերի 1-ին երկրորդ անգամ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվելուց հետո՝ նույն տարվա դեկտեմբերի 1-ին, նա դարձել է «Kerkhoff Legal» LLP-ի (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն) մասնակից:
«Kerkhoff Legal»-ը հիմնադրվել էր 2014-ի ապրիլին գերմանացիներ Գերդ Կերխոֆի (Gerd Kerkhoff) եւ Վերներ Ռայստելի (Werner Reistel) կողմից: Այն գրանցված էր Անգլիայի Հալ քաղաքում: 2016-ի վերջին, սակայն, հիմնադիրներն իրենց տեղը զիջել են Խաչատրյանին ու մեկ այլ գերմանացի Հանս Լուդվիգին (Hans Ludwig): Դրանից մի քանի ամիս անց՝ 2017-ի հունիսին, Խաչատրյանի ու Լուդվիգի ընկերակցությունը լուծարվել է:
Սուրիկ Խաչատրյանի հեռախոսահամարն անհասանելի է. օպերատորի տեղակացմամբ՝ «տվյալ հեռախոսահամարը ժամանակավորապես չի սպասարկվում», ինչը նշանակում է, որ համարի սպասարկումը կասեցված է բաժանորդի դիմումով կամ պարտքի պատճառով: Մեր տեղեկություններով՝ նախկին պաշտոնյան մեկնել է Հայաստանից: