Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը պատմել է, որ կիսապաշտպան Մեսութ Օզիլը մինչ օրս չի խոսել իր հետ ԱԱ-2018-ից հետո հավաքականից հեռանալու մասին:
«Երբ ես այցելեցի «Արսենալի» բազա, Մեսութը ներկա չէր մարզմանը: Պետք է ընդունել, որ նա չի ցանկանում շփվել մեզ հետ այս պահին: Չգիտեմ` ինչու:
Չափազանց հիասթափված էի, որ ինքն անձամբ չհայտնեց ինձ իր որոշման մասին: Կցանկանայի, որ ամեն ինչ այլ կերպ լիներ, բայց եթե այսպես է ստացվել, ուրեմն թող այսպես էլ լինի»,- Լյովի խոսքերն է փոխանցում ZDF-ը:
Հիշեցնենք` աշխարհի 2018 թվականի առաջնությունից առաջ Օզիլը լուսանկարվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչը լուրջ քննադատությունների տեղիք տվեց Գերմանիայում:
Գերմանիայի հավաքականի` մունդիալից դուրս մնալուց հետո Օզիլը հայտարարեց, որ ավարտում է միջազգային կարիերան: