«Ես Մոսկվայից եմ եկել։ Ճիշտ է՝ «Ավրորա» մրցանակաբաշխությանը ներկա լինել չի հաջողվի, բայց քաղաքի մթնոլորտն իսկապես ոգեւորիչ է։ Ամենուր «Ավրորայի» պաստառներն են։ Ամբողջ աշխարհից մարդիկ են գալիս հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար։ Հրաշալի կազմակերպված միջոցառում է։
Մենք վերապրողների ազգ ենք ու պիտի երախտապարտ լինենք նրանց, ովքեր ժամանակին օգնել են մեզ գոյատեւել։ Իսկ այսօր պետք է նաեւ շնորհակալություն հայտնենք նրանց, ովքեր նույն բանն անում են ուրիշների համար։ Պապիս ընտանիքը փրկվել է ցեղասպանությունից։ Բայց մայրն ու փոքր քույրը չեն կարողացել ազատվել ու սպանվել են հենց երեխաների աչքի առջեւ։ Հարեւանները պապիս ու իր մեծ քրոջն օգնել են Տրապիզոնից մեկնել Սոչի, ինչով էլ նրանք, ի վերջո, փրկվել են»։

