Բերբերյանը հիշեցրեց՝ բազմիցս դժգոհել է Գյուղնախարարության աշխատանքից, բայց, ըստ նրա՝ ոչ թե նախարարությունն է մեղավոր, այլ նշանակված «պատահական մարդիկ»։
«Կարծում եմ՝ Գյուղնախարարությունը պետք է մնա։ Ուղղակի լավ աշխատելու համար հմուտ կադրեր են պետք։ Այսօր միակ ձևը, որ հայ գյուղացին կարող է կառավարությանը հասցնել իր կարիքների մասին, Գյուղնախարարության միջոցով է։ Կարող ուժերն ամեն ինչ անում են, որ հասարակական կազմակերպությունների ձայները չլսվեն, քաղաքական ուժերը գյուղատնտեսությամբ զբաղվում են միայն այն ժամանակ, երբ գյուղացու ձայնն է պետք։ Բա չե՞ք մտածում, որ այս որոշումից հետո, երբ գնաք գյուղերը, այնտեղ շատ վատ կվերաբերվեն այսօրվա չինովնիկներին։ Եվ վերջապես, նման որոշում կայացնելու համար գուցե քննարկումնե՞ր են պետք։ Միգուցե 200 հոգին շատ է Գյուղնախարարության համար, ես դեմ չեմ, բայց դեմքը պետք է պահպանել։ Այդ տրամաբանությամբ՝ ի՞նչ է նշանակում՝ 30 ավելի ձրիակեր պատգամավոր ունենալ»,- նկատեց Հրաչ Բերբերյանը։
Հրաչ Բերբերյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Առանց այն էլ գյուղատնտեսությունը ծանր վիճակում է, հիմա էլ, եթե վերջին հարվածը տանք, այն կկործանվի։ Ի՞նչ է՝ ուզում եք իսրայելական բանջարեղե՞ն ուտենք, թե՞ թուրքական լոլիկ։ Եթե նպատակը դա է՝ ուրիշ հարց է։ Թե՞ գյուղերը դատարկելու խնդիր են դրել, թող ճիշտն ասեն։ Այո, պետք է ունենալ նախարար, որը գյուղացու շահերը կպաշտպանի, բայց ցավոք, վերջին նախարարներից ոչ մեկը գյուղացու կողմից համաձայնեցված, ընտրված մարդիկ չէին»։