2018թ. ամենաարդյունավետ տարին չէր հայ-ռուսական հարաբերությունների համար»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ ամփոփելով տարին հայ-ռուսական հարաբերությունների համար:
Տարասովն ասաց, որ 2018թ. ամենալավ տարին չէր հայ-ռուսական հարաբերությունների համար, այսինքն` չենք կարող արձանագրել, որ հարաբերությունները նոր, ավելի խորը փուլում են հայտնվել, ավելին, առաջացել են որոշ խնդիրներ, որոնք էլ ավելի սրվեցին տարեվերջին և իրենց շարունակությունը կունենան մյուս տարեսկզբին:
«Մի կողմից՝ կարելի է բնական համարել, որ հարաբերություններում դրական առաջընթաց չկա, քանի որ Հայաստանում ոչ սովորական ներքաղաքական զարգացումներ գրանցվեցին, որոշ երկրներում դրանք ունենում են նույնիսկ վտանգավոր հետևանքներ: Հայաստանում ամեն ինչ չէ, որ ավարտված է՝ ներքաղաքական զարգացումների տեսանկյունից, քանի որ մեծամասնությունն այն տեսքով, որը ստացավ իշխանությունը դեկտեմբերյան ընտրությունների ընթացքում, ցնցումների աղբյուր կարող է դառնալ:
Բայց եթե խոսեմ երկկողմ հարաբերությունների մասին, ապա ՀՀ-ում իշխանության փոփոխությունից հետո եղել են ակտիվ այցեր ու հանդիպումներ ՀՀ նոր ղեկավարի և ՌԴ նախագահի միջև, եղել են ակտիվ հանդիպումներ, բայց ոչ արդյունքներ, քանի որ ՀՀ նոր իշխանություններն իրենց անհասկանալի են դրսևորել, որոշ դրվագներում` ոչ գործընկերային, որը, կարծում եմ` ստեղծել է ներկայիս իրավիճակը, երբ կա խնդիր ՀԱՊԿ-ում, երբ կա գազի գնի շուրջ անհամաձայնություն, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ադրբեջանական կողմի ակտիվություն, մի շարք վտանգներ, և Հայաստանը չունի աջակիցներ այս հարցերում:
Տեսանք, որ օրերս Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպումն ավարտվեց առանց որևէ արդյունքի, որը բացառիկ «արդյունք» է հայ-ռուսական նման բարձրաստիճան հանդիպումների համար: Պատճառն էլ այն է, որ չկա ինչ-որ հարցերում զիջումների գնալու ցանկություն: Սա վտանգավոր իրավիճակ է»,- ասաց Տարասովը:
Նրա խոսքով` 2019-ին լուրջ հարցեր կան ծառացած ՀՀ իշխանությունների առջև հայ-ռուսական հարաբերություններում և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:
«Սրան զուգահեռ՝ ՀՀ իշխանությունները պետք է փորձեն այնպես անել, որ սոցիալական դժգոհությունը չուղղվի իրենց դեմ: Այսինքն` կա խնդիրների մի ամբողջ համակարգ, որը պետք է լուծեն վտանգներից խուսափելու համար: Հուսանք, որ գազի գնի շուրջ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, մենք հայ ժողովրդի կողմից ենք, հուսանք, որ հարցը ճիշտ հանգուցալուծում կստանա, որը ևս ունի քաղաքական բաղադրիչ, դա այսօր միայն տնտեսական խնդիր չէ»,- ասաց Տարասովը: