2018-ին իրականացավ իմ կարևոր երազանքներից մեկը. Անկա Սարիբեկյան
03.01.19 | 22:05
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Magnis.News-ն ամանորյա բլից հարցեր է պատրաստել հայտնի և սիրված մարդկանց համար՝ պարզելու, թե ի՞նչ են սպասում 2019-ից, ինչպիսի՞ տարի էր նրանց համար նախորդը: Մեր հարցերին պատասխանել է ռադիոհաղորդավարուհի Անի Սարիբեկյանը:
-Ձեր ամենահիշարժան Ամանորը ե՞րբ և ինչպիսի՞նն է եղել։
-Ամանորն ինձ համար ուրիշ տոն է: Ես հավատում եմ այդ օրվա բոլոր մտքերին, էներգիային, քանի որ այն, ինչ երազում եմ միշտ լինում է: Արդեն 12 տարի ես Ամանորը նշում եմ աշխատանքի վայրում՝ բեմի վրա, և ինքս եմ ազդարարում Ամանորի մուտքը: Դա պարտավորեցնող է և յուրահատուկ, իսկ հիշարժան, իհարկե, այն Ամանորներն են, որոնք անցկացրել եմ ընտանիքիս հետ, հատկապես հորս հետ: Ես սիրում եմ, որ ընտանիքը լիարժեք նստում է սեղանի շուրջ:
-Սիրո՞ւմ եք Ամանորը, թե ոչ (ինչու՞)։
-Սպասում և սիրում եմ այս տոնը: Ամեն լույսի ու նոր խաղալիքի հետ երջանկանում եմ: Սա տոն է, որն ինձ հուշում է, որ երբեք պետք չէ դադարել երազել: Սա տոն է, որն ինձ ստիպում է հույսերով, սիրով և ներումով լցվել:
-Առաջինն ո՞ւմ եք շնորհավորում, և ո՞վ է Ձեզ շնորհավորում։
-Առաջինը զանգում եմ ծնողներիս և եղբորս, իսկ ինձ առաջինը զանգահարում է մայրս:
-Ինչո՞վ է ասոցացվում Ձեզ համար Ամանորը։
-Ամանորն ասոցացվում է ներման, երջանկության, երազանքների իրականացման և բարության հետ: Մարդիկ պետք է իրար սիրեն ու գնահատեն:
-Եթե Ձմեռ պապուն նամակ գրեք՝ ի՞նչ կցանկանաք 2019-ի համար։
-Ես ուզում եմ, որ ընտանիքիս անդամները առողջ լինեն, որ մարդիկ խաղաղ ապրեն իրենք իրենց հետ և աշխարհի, միայն այդ ժամանակ երջանիկ կլինեն: Ագրեսիվություն հաճախ եմ նկատում անգամ աննկատ թվացող գործերում և ուզում եմ, որ մարդիկ երջանիկ լինեն և այս բառը տեղին լինի:
-Հավատու՞մ եք ամանորյա հորոսկոպներին և կանխատեսումներին։ Եղե՞լ են երբևէ համընկնումներ։
-Իմ կյանքն առանց հորոսկոպների էլ այնքան լեցուն է թե՛ լավ, թե՛ վատ զուգադիպություններով: Այնպիսի գժական գրաֆիկ ունեմ, որ դրական և բացասական լիցքերի պակաս չի լինում: Ես ուղղակի ուրախ և հումորով եմ շատ երևույթների վերաբերվում և դրա համար չեմ ծանրացնում ավել տեղեկությամբ:
-Ինչպիսի՞ տարի էր Ձեզ համար 2018-ը։
-2018 - ը երջանիկ , բարդ, սթրեսային, ցավոտ, բայց հաղթահարելի էր, քանի որ ձեռքբերումներս շատ էին: Ես կարևոր երազանքերիցս մեկը իրակացրեցի՝ բացելով ՛՛Anka show՛՛ ստուդիան: Կյանքը մեզ տհաճ անակնկալներ է մատուցում և մեզ կոփելու համար փորձություններ տալիս, ես դա այս տարի անցա, հուսով եմ, որ 2019-ը լինելու է յուրահատուկ տարի, քանի որ այս տարի ունեմ շատ լավ նորություն և հրաշալի լուր ինձ սիրող և գնահատող մարդկանց համար,իսկ այդ լուրին շատերն են սրտի տրոփյունով սպասում:
Արմինե Բրսոյան