Պոլսահայ մամուլը գրում է, որ Արեւմտյան Եվրոպայում հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Մայր Աթոռի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը եւ Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի ղեկավար Շահե ծ․ վրդ․ Անանյանը եղել են Թուրքիայում, որտեղ՝ Անկարայում, հանդիպում են ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ։ Այդ հանդիպման ընթացքում քննարկվել են Կ․ Պոլսի Հայոց պատրիարքությունում ստեղծված կացությունը եւ հատկապես պատրիարքական ընտրությունների հարցը։ Պոլսահայ մամուլը բավականին ընդարձակ ներկայացրել է այս հանդիպումը, որը կարելի է նաեւ աննախադեպ համարել այն առումով, որ վերջին 11 տարիների ընթացքում, ինչպես «Ժամանակն» է գրում, ուղիղ հարաբերություններ Անկարայի եւ Մայր Աթոռի միջեւ չեն եղել։ Ընդհանուր տրամադրությունները, գոնե դատելով մամուլի հրապարակումներից, դրական են, եւ 40 րոպեանոց հանդիպման փաստն արդեն համարվում է դրական քայլ թուրքական պետության կողմից։
«Ակօսը» գրել է, որ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն ասել է, թե հանդիպման նախաձեռնությունը պատկանում է Ամենայն հայոց կաթողիկոսին։ «Ակօսի» հետ զրույցում Խաժակ արքեպիսկոպոսն ասել է, որ կաթողիկոսը ցանկություն է ունեցել պատրիարքական առկախված ընտրությունների հարցով հանդիպել թուրքական իշխանությունների հետ։ «Կաթողիկոսն ընդգծել է, որ իր նպատակը ոչ թե գործընթացներին միջամտելն է, այլ կտրված հարաբերությունների շարունակման միջոցներ գտնելը։ Վեհափառը պահանջել է, որ այցելեմ Իտալիայում թուրքական դեսպանատուն եւ պաշտոնապես հայտնեմ ժամադրության խնդրանքի մասին»,- մանրամասնել է արքեպիսկոպոսը։
Դեսպանն ընդառաջել է, եւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը մասնակցել են Շահե վարդապետ Անանյանը եւ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Պարսամյանը մանրամասնել է, որ հանդիպման ընթացքում ներկայացրել է այն դժգոհությունը որ կա հայության մոտ՝ պատրիարքական ընտրության ձգձգման հետ կապված, ապա փաստել, որ կաթողիկոսը մտադիր չէ խնդրին միջամտել, այլ միայն ուզում է, որ հարցը բարվոք լուծում գտնի, ինչին պատրաստ է աջակցել։ Չավուշօղլուն էլ «արձանագրել է, որ պատրիարքական ընտրության հարցը ներքին խնդիր է, եւ պետությունն էլ ուզում է, որ ընտրությունը տեղի ունենա», սակայն «այդ ընտրությունը պետք է լինի համերաշխության պայմաններում, քանի որ կա մտահոգություն, որ հավանական է համայնքում լինեն պառակտումներ», եւ հորդորել է համբերող լինել։ Պարզ է, որ Թուրքիան հիմա որեւէ տեղ չի շտապում, բոլոր հաղթաթղթերն իր ձեռքում են։ Հասկանալի է, որ Չավուշօղլուն հստակ ֆիքսել է, որ պատրիարքական ընտրությունը ներքին հարց է, բացարձակապես թուրքական պետության իրավազորության տակ գտնվող։
Այդպիսով որեւէ միջամտության հարցը փակվել է։ Մյուս կողմից պարզ է նաեւ, որ այս կարգի հարցերը երբեմն քաղաքական ու դիվանագիտական առեւտրի առարկա են դառնում։ Այս ելակետից եթե նայենք, այն, որ կաթողիկոսը փորձում է ուղիղ խոսել թուրքական իշխանությունների հետ, բավականին հուսադրող է, սակայն եթե քաղաքական-դիվանագիտական առեւտուրը լինի, ապա հարց է, թե ինչի դիմաց է Անկարան զիջելու, եւ արդյոք Մայր Աթոռն ի վիճակի՞ կլինի այդ «գինը» վճարել։ Սակայն այս հանդիպումն ու քննարկումները որքան հուսադրող են, մյուս կողմից էլ կարող են պարզապես զուր հույսերի փայփայում լինել, քանզի, մեծ հաշվով, իր հավատարիմ մարդն ունենալ պատրիարքարանում՝ որպես ղեկավար, Անկարային լրիվ ձեռնտու է։
hraparak.am
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02